Մատչելիության հղումներ

Արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն. ՀՀ վարչապետ


«Վերջին տարիների Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից», - ժողովրդին հղած այսօրվա ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թվարկելով մի շարք իրադարձություններ, ինչպես օրինակ՝ Խծաբերդի, Փառուխի դեպքերը, Արցախի բնակչության ահաբեկում, ադրբեջանական վերջին հարձակումը՝ նա նշեց, որ այս ամենը լրջագույն հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության և մոտիվների վերաբերյալ։

Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է, ասաց Հայաստանի վարչապետը։ Նա նշեց, որ հումանիտար բեռներ են մտել Արցախ, սակայն դա չի լուծում եղած ճգնաժամը։

«Եթե ԼՂ հայերի իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։ Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իր կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ձևավորման վրա։

«Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ», - ասաց նա՝ նշելով, սակայն, որ սրանով վերոնշյալ հարցերը ավելի կսրվեն։

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ ՀՀ-ն իր դաշնակիցներին երբեք չի դավավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ «անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետության անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»։ Ընդ որում, ըստ նրա, նման քաղաքականությունը կապ չունի 2018-ին հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ, այդ քաղաքականության դրսևորումները եղել են նաև դրանից առաջ։

Անուններ չտալով՝ վարչապետն ասաց, որ որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում ՀՀ-ի խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հարվածի տակ դնելով ներքին անվտանգությունն ու կայունությունը։ Նա մեղադրեց այդ գործընկերներին դիվանագիտական, միջպետական հարաբերությունների, էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը անցնելու, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

«Կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը», - հորդորեց վարչապետ Փաշինյանը՝ անհրաժեշտ համարելով ամրացնել, վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։

Խոսեց նաև Հռոմի ստատուտից՝ ասելով, որ այն վավերացնելու որոշումը կայացվել է 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ այդ որոշումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

«Վերջին տարիներին և այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ», - ասաց նա՝ հավելելով, որ պետք է գնալ ՀՀ անկախության պաշտպանության շարժման հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց «լինելու է»։

XS
SM
MD
LG