Մատչելիության հղումներ

Արցախի պատկանելիության հարցը որպես այդպիսին լուծված է. Պեսկով


Արցախի պատկանելիության հարցը որպես այդպիսին լուծված է, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը, հավելելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի հայտարարությունից հետո կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Ընդ որում, Դմիտրի Պեսկովը կրկին ընդգծել է, թե այս հարցում Ռուսաստանը պետք է դեր ստանձնի:

«Քանի կողմերը դրան հասել են 2021-22 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների հիման վրա, Ռուսաստանն այստեղ որոշակի դեր ունի և պետք է ունենա։ Այսպես թե այնպես Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ համաձայնությունների երաշխավոր», - նշել է խոսնակը:

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, բազմիցս է հայտարարել, թե Մոսկվան չի երաշխավորում ստանձնած պարտավորությունները։ Հենց այս պահին էլ երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե Երևանը չի միջամտելու, քանի որ ռուս խաղաղապահները պետք է Ղարաբաղի հայերի անվտանգությունը երաշխավորեն։

Արձագանքելով այս իրավիճակին՝ Պուտինի խոսնակն այսօր ասել է՝ իբր ադրբեջանական կողմում հասկանում են Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

«Նախագահ Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի, երեկ՝ Փաշինյանի հետ այն մասին, որ Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը և բոլոր օրինական շահերը պետք է երաշխավորվեն։ Ադրբեջանական կողմում նման ընկալում կա», - ասել է նա:

Պեսկովը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպես են նման ընկալման դեպքում Ղարաբաղում խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ զոհվել։ Ընդորում՝ Մոսկվայի հայտարարությունները չեն փոխվել անգամ Ղարաբաղում ռուս խաղաղապահների սպանությունից հետո, ավելին, մինչ այս պահը Ռուսաստանը դրա համար Ադրբեջանին չի մեղադրել, թեև հաղորդվել էր, որ Իլհամ Ալիևը այսօր անձամբ զանգահարել է Պուտինին ու կատարվածի համար ներողություն է խնդրել։

Թե կոնկրետ քանի՞ խաղաղապահ է զոհվել, ինչպե՞ս և ո՞վ է մեղավոր՝ մինչ այս պահը ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան պաշտոնապես չեն հայտարարել։

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո պետական «Ռիանովոստի»-ն միայն գրեց, թե ըստ իրենց տեղեկությունների, Բաքվում արդեն ձերբակալվել են առաջին կասկածյալները, իսկ Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս խաղաղապահների մահվան մեջ, հեռացվել է պաշտոնից։ Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Մինչդեռ տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի սուզանավերի նավաստիների և նավատորմի վետերաններ ակումբը հայտնել է, որ երեկ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մեքենա է գնդակոծվել է, որի հետևանքով զոհվել է Հյուսիսային նավատորմի սուզանավերի հրամանատարի ռազմաքաղաքական աշխատանքների գծով տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Իվան Կովգանը։

Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը պնդում է, որ ընդհանուր առմամբ հինգ մարդ է զոհվել։ Ըստ Moscow Times-ի՝ չորս։

Meduza-ն երեկ, հղում անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդեց, թե Կրեմլը հրահանգ է իջեցրել պետական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելու վերաբերյալ։ Հիմնական թեզը հետևյալն է՝ ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին գնդակոծությունից: Մինչ այս պահը Մոսկվայից ու ռուսական պետական լրատվամիջոցներից ստացվող հաղորդագրությունները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղում զոհված զինծառայողների կամ՝ խաղաղ բնակիչների մասին։ Պաշտոնական տեղեկագրում խոսվում է միայն Ղարաբաղի երեք շրջաններից՝ Մարտակերտից, Մարտունիից և Ասկերանից հազարավոր մարդկանց տարհանելու, խաղաղապահների տեղակայման վայր տեղափոխելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG