Բաքուն պատրաստ է ապահովել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով քաղաքացիական անձանց՝ սեփական մեքենաներով տեղաշարժի անվտանգությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
X-ում հրապարակած հայտարարությունում ադրբեջանցի պաշտոնյան հատուկ ընդգծել է․ - «Գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներ են»։ Թե ինչ փաստերի և տվյալների վրա է հիմնված Բաքվի ներկայացուցչի այս պնդումը, հստակ չէ։
Ինչ վերաբերում է կամավոր զենքը վայր դրած զինվորականներին, Հաջիևի խոսքով՝ նրանք ազատ են։
Երեկ Reuters-ի հետ զրույցում Հաջիևը հավաստիացնում էր՝ Բաքուն պատրաստ է համաներում հայտարարել նրանց նկատմամբ, ովքեր վայր կդնեն զենքերն ու կընդունեն Ադրբեջանի խաղի կանոնները։
«Այս երաշխիքները մենք տալիս ենք ամենաբարձր մակարդակով», - Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ մեջբերելով Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Մենք պաշտոնապես՝ նախագահի մակարդակով կերաշխավորենք Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները Ադրբեջանի Սահմանադրության ներքո։ Սա նշանակում է, որ մենք նրանց վերաբերվելու ենք այնպես, ինչպես մեր քաղաքացիներին․ խաղաղ բնակչությունը խնդիր չպետք է ունենա։ Նախկին զինվորականների համար էլ դիտարկում ենք համաներման հնարավորությունը, քանի որ հրադադարի և ռազմական միջամտության արդյունքում մենք համաձայնել ենք, որ զենքերը վայր դնողներն ազատ կարձակվեն»։
Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, թե Բաքուն Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագիր է կազմել։ Դրա մանրամասները չեն հրապարակվել, սակայն, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, փաստաթուղթը երեկ ներկայացվել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին՝ Եվլախում կայացած հանդիպման ժամանակ։
«Ինչպես Ադրբեջանի նախագահն էր հայտարարել, Ադրբեջանը Ղարաբաղի հայերին կտա քաղաքական, ինքնակառավարման, տնտեսական, սոցիալական, մշակութային ու կրոնական իրավունքներ։ Վերաինտեգրում ասելով մենք նկատի ունենք բոլոր այս բաղադրիչները, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը Ադրբեջանի կազմում», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Թեև աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը համարվող Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, Ալիևի վարչակազմը պնդում է՝ Ղարաբաղի հայերի հարցերը կլուծի անձամբ՝ առանց Արևմուտքի մասնակցության։
«Մենք նաև պետք է իրատես լինենք, կլինեն որոշ մարդիկ, որոնք չեն ընդունի կամ չեն համաձայնի վերաինտեգրմանը։ Նրանք կարող են նաև որոշել, որ չեն ուզում մնալ Ղարաբաղում։ Այս որոշումների համար Ադրբեջանը չպետք է պատասխանատվության կանչվի ։Ցանկացած երկրում էլ կա ազգային փոքրամասնություն, օրենսդրություն ու կանոնադրություն, որ պետք է ընդունվի և հարգվի յուրաքանչյուրի կողմից։ Եվ ցանկացած իրավունք նաև պատասխանատվություն է ենթադրում։ Եթե ոմանք որոշեն հեռանալ՝ դա նրանց կամքն է, որը մենք պարտավոր ենք հարգել», - ասել է Հիքմեթ Հաջիևը:
Ղարաբաղի դեմ «հակաահաբեկչական գործողությունից» հետո Բաքուն շատ ավելի մեղմ է խոսում ոչ միայն Արցախի հայերի, այլև՝ ռուս խաղաղապահների մասին։ Եթե ամիսներ առաջ Ալիևը հայտարարում էր, թե նրանք պետք է երկու տարի անց հեռանան, ապա այսօր Հաջիևը չի բացառել, որ այդ ժամկետը կարող է և երկարաձգվել։
«Ես չէի ցանկանա առաջ ընկնել և կանխատեսումներ անել։ Մենք ունենք 2020 թվականի հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղապահները պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025-ը։ Եկեք սպասենք մինչև այդ։ Հայերից ոմանք գուցե որոշակի մտահոգություններ ունենան անվտանգության առումով․ ի վերջո, վստահության, շփումների ու դիվանագիտության համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ ։ Այս պայմաններում ռուս խաղաղապահները կարող են, այսպես ասած, միջնորդ լինել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը: