Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո տեղահանված արցախցիներն էլ են անտեղյակության մեջ՝ հարազատներից հաճախ լուր անգամ չունեն


Արշալույս Գրիգորյանը երկու տարի առաջ հաստատվել է Լոռու Դեբետ գյուղում։ Արցախում՝ Ստեփանակերտի օդակայանի հարակից տարածքում, անորոշության մեջ արդեն 5 օր սպասող հարազատներն են, նկարագրում է նրանց վիճակը՝ սոված, ծարավ ու անհույս։

Իրենք ողջ որը հեռուստացույցը միացրած են պահում, բայց դեռևս հուսադրող որևէ բան չեն լսում թե՛ հարազատներից ու թե՛ պաշտոնական աղբյուրներից։

Արշալույս Գրիգորյանն իր որդու բազմանդամ ընտանիքի հետ Դեբետ է եկել 2020-ի պատերազմից հետո։ Ասկերանի շրջանում ապրել են ավելի քան 25 տարի։ Պատերազմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արմենակավան գյուղը, սակայն, լքել են՝ այնտեղ թողնելով տասնամյակների ստեղծածը։ Այսօր արդեն երկարատև բլոկադայից հետո նույն վիճակում է հայտնվել աղջիկն իր 4 երեխաների հետ։ Խաղաղապահները հորդորել են սպասել ևս 5 օր։ Չգիտեն՝ ինչի են սպասում՝ հաջորդ հրահանգը կլինի լքել Արցախը, թե՞ վերադառնալ իրենց տներ։

«Հավաքվել են աերոպորտում, զենքով դեմները կանգնած, էլ ո՞ւր պիտի գնա մարդը, առանց ջուր, առանց հաց, դե ապրի։ Սաղ Ղարաբաղն աերոպորտում է։ Ասել են՝ 5 օր պիտի մնաք, հետո որոշվի՝ ինչ է լինելու», - ասում է նա։

Հարազատների հետ կապվելու փորձերը մեծ մասամբ անհաջող են։ Մի ամբողջ օր հնարավոր չի եղել խոսել նրանց հետ։ Հերթական զանգը պատահաբար ստացվեց, բայց այս անգամ էլ պատասխան չեղավ։

Երեկվա դրությամբ Ստեփանակերտի օդակայանում պատսպարված արցախցիներն, ըստ Արշալույս Գրիգորյանի, ուտելիք չունեին. - «Ինչքնա փոքր երեխեք կան, սոված-ծարավ, ի՞նչ պիտի լինի։ Հարցնում եմ, ասում են՝ ոչ մի սնունդ կա, ոչ խանութ կա, որ գնաս, բան առնես»։

Դեբետում բնակվող մեկ այլ նախկին արցախցի՝ Հարություն Հարությունյանն արդեն 4 օր իր բարեկամուհուց լուր չունի։ Անհայտ է նրա գտնվելու վայրը։ Ասում է՝ դիմել են Արցախի իշխանություններին, առայժմ՝ անհույս. - «Մարդիկ ուղարկել էին, որ երեխեքի զոհեր էլ կան, վիրավոր երեխեք էլ ունենք, կորած կանայք ունենք ահագին, որից մեկը մորքուրիս աղջկա երեխան է, իր փոքր երեխու հետ չկա այս պահին»։

Սոֆյա Արշակյանը 25 տարի ապրել է Հադրութի Հայկավան գյուղում։ Որդին զոհվել է 2020-ի պատերազմին, մյուս որդու 10 հոգանոց ընտանիքի հետ արդեն երկու տարի Դեբետ գյուղում է։ Պատերազմի ճիրաններից կարողացել են փրկել միայն 24 թոռներին, որոնք այսօր Հայաստանում են ապրում։

Դառնացած կինն ասում է՝ քառորդ դարը հերիք էր Արցախում պատմություն թողնելու, ընկերներ ու բարեկամներ ունենալու համար։ Հիմա էլ ուշք ու միտքը Արցախում է։ Փորձում են կապվել, վիճակ հարցնել՝ դրական մի բան լսելու հույսով. - «Հարսս ծանոթներ ունի, զանգում է, քանի օր չկային, հիմա հայտնվել են, չգիտեմ՝ ուր են եղել։ Մենակ ասում են՝ լավ ենք։ Էնքան բարեկամ-ծանոթներ կան»։

Հնարավո՞ր է ապրել Արցախում ադրբեջանցիների իշխանության ներքո. Իլհամ Ալիևն էր նման ակնարկներ արել, թե արցախցիները կարող են դուրս չգալ իրենց բնակավայրերից ու ապրել իբրև Ադրբեջանի քաղաքացի, նրանց հետ նույն համայնքում, նույն փողոցի վրա, նույն բակում։ Անմիտ բան է, հեգնում է 70-ամյա Արշալույս Գրիգորյանը. - «Ոչ մի մարդ էլ չի ուզենա։ Անձամբ ես չէի մնա»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG