Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի մատույցներում խաղաղապահներ են տեղակայվել. Արցախից հերքում են քաղաք ադրբեջանական զորքի մտնելու լուրը


Արցախից հերքում են, թե ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ:

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում, ներառյալ՝ Կրկժան թաղամասում, նշված է հաղորդագրության մեջ։

Դրան նախորդել էր Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գրառումը սոցիալական ցանցում, թե անվտանգային բարձր ռիսկերի պատճառով Ստեփանակերտի Կրկժան արվարձանն ամբողջությամբ դատարկ է։

«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում է գրանցվել։ Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով ամբողջ Կրկժանը դատարկ է», - նշել էր նա՝ առանց հստակեցնելու, թե երբ է դա տեղի ունեցել, սեպտեմբերի 21-ին, թե դրան հաջորդած օրերին։

Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ «պայմաններ են ստեղծվում» Արցախից Հայաստան բժշկական տարհանումներ իրականացնելու համար։

«ԿԽՄԿ-ի դիմումի հիման վրա անհրաժեշտ հնարավորություններ են ստեղծվում բժշկական օգնության կարիք ունեցող անձանց Հայաստան տարհանելու համար»,- հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի կառավարության հաղորդագրությունը։

Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը Աղդամում, Ֆիզուլիում և Քելբաջարում «վրանային ճամբարներ է տեղակայել հայ բնակչության համար»։ Հազար հոգու համար նախատեսված այդ ճամբարներում, ինչպես հաղորդվում է, առաջին բուժօգնություն կցուցաբերեն Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները, զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողներ։

Ստեփանակերտն այս տեղեկությունները չի հաստատել։

Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլ պատկան պետական մարմինները ստացել են ավելի քան 600 ահազանգ և հարցում՝ գտնելու իրենց ընտանիքի անհայտ կորած անդամներին, հարազատներին։ Իսկ զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները չեն թարմացվել, ավելի վաղ հայտարարվել էր 200 զոհի ու 400 վիրավորի։

Երեկ հաղորդվեց, որ Մարտունուց 9 վիրավոր է դուրս բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։

Անորոշության մեջ գտնվող արցախցիներից 826 հոգի, այդ թվում՝ 440 երեխա գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ։ Նրանք դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, փոխացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի խաղաղապահները այսօր նաև մարդասիրական բեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար՝ ավելի քան 50 տոննա բեռ, ներառյալ՝ պարենային պաշարներ և առաջին անհրաժեշտության պարագաներ:

XS
SM
MD
LG