Մատչելիության հղումներ

Ադրբեջանում չեն բացառում ռուս խաղաղապահների հետագա ներկայությունը Լեռնային Ղարաբաղում


«Մինչև 2025 թվականը Ստեփանակերտում Ադրբեջանի զինվորականներ ու ոստիկանություն չի լինի»,- «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Կառավարության հետ սերտ կապերով հայտնի փորձագետը նշել է, թե այսուհետ ևս Ղարաբաղի հայաբնակ տարածքների անվտանգությունը ռուս խաղաղապահներն են երաշխավորելու, բացառությամբ այն շրջանների, որոնք վերջին գործողություններից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հարցին, թե ի՞նչ է փոխվում, հայկական ուժերը դուրս կգա՞ն Ղարաբաղից, նա պատասխանել է. - «Այո՛, և շատ տարածքներ կհայտնվեն մեր վերահսկողության տակ։ Առաջիկա օրերին կտեսնեք։ Կհայտարարվի, թե որ կայաններն են մշտադիտարկվելու, որտեղ է համատեղ մշտադիտարկում լինելու և այլն»։

Ճշտմանը՝ «խա՞ռը մոդել է լինելու», մի մասում՝ռուս խաղաղապահներ, մյուսում՝ Ադրբեջանի զո՞րքը, Շաֆիևն ասել է. - «Այո՛: Սա մեր պարտավորությունն է: Ռուս խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականը։ Այս պահին մեղադրանքներ են հնչում, թե ցեղասպանություն կարող է լինել և այլն: Ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության երաշխիք է»։

Մինչ այդ էլ Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր կարևորել ռուս խաղաղապահների հետագա ներկայությունը Ղարաբաղում, չբացառելով, որ այդ ժամկետը կարող է և երկարաձգվել. - «Ես չէի ցանկանա առաջ ընկնել և կանխատեսումներ անել։ Մենք ունենք 2020 թվականի հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղապահները պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025-ը։ Եկեք սպասենք մինչև այդ։ Հայերից ոմանք գուցե որոշակի մտահոգություններ ունենան անվտանգության առումով․ ի վերջո, վստահության, շփումների ու դիվանագիտության համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ։ Այս պայմաններում ռուս խաղաղապահները կարող են, այսպես ասած, միջնորդ լինել»։

Ձերբակալությունների ալիք՝ Ադրբեջանում

Պաշտոնական այս հայտարարությունների ֆոնին Ադրբեջանում հարց են բարձրացնում`ինչի՞ հասավ Ալիևը` զոհելով տասնյակ զինվորների: Թեև պաշտոնապես Բաքուն սպանվածների թիվ չի հրապարակել, բայց ընդդիմադիր Meydan.TV-ն հաշվել է, որ մեկ օրում ադրբեջանական բանակը առնվազն հարյուր զոհ է տվել: «Ու դրա արդյունքում Ղարաբաղը ոչ թե մեր իշխանության տակ անցավ, այլ` ռուսների», - փաստում են ադրբեջանցի ընդդիմադիրները։

«Իլհամին թվում է, թե հաղթանակը ընտրությունների նման հնարավոր է կեղծել. մենք 180 զոհ տվեցինք կեղծված հաղթանակի համար», - Ֆեյսբուքում գրել է Ալիևի ընդդիմախոս, վտարանդի լրագրող Աֆգան Մուխտարլին։

Թերևս այս կարծիքները լռեցնելու համար Ալիևի վարչակազմը ռազմական գործողությունը սկսելուց օրեր առաջ դեռ ձերբակալությունների ալիք էր սկսել: Իրավապաշտպան Անար Մամադլիիի հաշվարկով անցած մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում առնվազն տասը ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ է ազատազրկվել, մեծ մասը պատժվել են Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունը քննադատելու, սոցիալական ցանցերում իրենց կարծիքը բարձրաձայնելու համար:

Նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովն, օրինակ, ճաղերի ետևում է հայտնվել ծաղրական գրառման համար, թե`«իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ այսքանից հետո Ռուսաստանը Ղարաբաղը կվերցնի ու մեզ կտա»: Ոստիկանությունը նրան դատարան է տարել անմիջապես՝ թույլ չտալով անգամ կոշիկները հագնել, հաղորդում է Meydan.TV-ն:

Լրագրող Նուրլան Ղահրամանլին բերման է ենթարկվել տնից, իսկ ոստիկանություն հասել բազմաթիվ կապտուկներով, այդ մասին կինն է պատմել լրատվամիջոցներին:

«Այլակարծությունը ճնշվում է ամենաբիրտ մեթոդներով», - «Ազատությանն» ասել է իրավապաշտպան Սամիր Սուլթանովը։ «Նրանց ձերբակալում են միայն այն բանի համար, որ դատապարտում են կառավարությանն ու իրենց քննադատական կարծիքը գրում պատերազմի վերաբերյալ: Ձերբակալում են քրեական օրենսգրքի 388-րդ հոդվածով, որն արգելում է գաղտնի տեղեկությունների, պետական կամ ռազմական գաղտնիքի տարածումը: Պատերազմի մասին որևէ մեկի տեսակետը կամ քննադատությունը չի կարող այս հոդվածի տակ անցնել», - ասել է նա:

XS
SM
MD
LG