Մատչելիության հղումներ

Մինչ արցախցիները տեղափոխվելու օգնություն են խնդրում, վարչապետը հայտարարում է՝ էվակուացիան պլան «Գ»-ն է


Երկու անչափահաս երեխաների մայրը Ստեփանակերտում իրերը հավաքած սպասում է փրկության, բայց չգիտի, թե որտեղ գտնի այդ փրկությունը։

«Այս պահին եթե թուրքը մտնի Ստեփանակերտ, երեխաներին ո՞նց փրկենք։ Ճանապարհի մի կողմում մենք ենք, մի կողմում՝ թուրքերը։ Նոր գնացի պապայիս տուն, սաղ կանգնած են, ասում ա՝ սնայպերն աշխատում ա։ Արդեն երեք օր է՝ իրերը հավաքած մի նկուղից մի նկուղ ենք գնում։ Ոչ մեկը ոչ մի բան չգիտի։ Գնում ենք նկուղները, հետ գալիս տուն, երեխաներին կերակրում, ուտելիքն էլ վերջանում է», - պատմեց նա։

Հումանիտար միջանցք տրամադրելու մասին դեռ խոսք չկա։ Միայն լսել են՝ խուճապի մի մատնվեք։

«Էս պահին Մարտունին շրջափակման մեջ է, քույրս այնտեղ է երեխու հետ։ Էնքան որ ասում են՝ պիտի ռուսներն օգնեն, բայց չգիտեմ», - ասաց նա։

Սոցիալական ցանցերում արցախցիներն այսօր աղեկտուր օգնություն են խնդրում՝ բացել հումանիտար միջանցք Հայաստան տեղափոխվել ցանկացողների համար։

«Եթե այսօր անխտիր բոլորի տարհանման որոշում չկայացվեց, դուք Արցախի հետ մեզ էլ եք կորցնելու», - ասում է նրանցից մեկը, մյուսը նշում. «Սաղ վեշերները հավաքել են Արցախում, սպասում են, տեսնեն՝ ինչ են որոշում, գոնե միջանցք կտա՞ն դուրս գալու համար, թե՞ ոչ»։

Ադրբեջանական Եվլախում Լեռնային Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների ավարտին պաշտոնապես չհաղորդվեց՝ արդյոք քննարկվել է հումանիտար միջանցք բացելու հարցը:

Հայաստանի կառավարությունից հայտնեցին՝ Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չեն դրել և կարծում են, որ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի, կկայացնեն անհրաժեշտ որոշումներ։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա. ՀՀ վարչապետ

«Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա», - ավելի ուշ ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետը, հավելելով, թե արցախցիների էվակուացիան ոչ պլան «Ա» է և ոչ էլ պլան «Բ». - «Բայց պետք է լինի անպայմանորեն պլան «Գ», այն նկատառումով, որ էլի եմ ասում՝ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից և մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին։

Հազար ներողություն եմ խնդրում, բայց այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա, այսինքն՝ ասի՝ տեսեք՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ հայությունը, Լեռնային Ղարաբաղի հայությունը իրենք որոշեցին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ պետք է չմնա, և որոշեցին ու դուրս եկան»։

Փաշինյանն ասաց, որ դեռ շաբաթվա սկզբին է հանձնարարել, որ աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար, մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ, սցենարներ ունեն։ Այդուհանդերձ, Հայաստանի ղեկավարն իր խոքում հստակ հասկացնել տվեց՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց տներում, հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում։ Այդ կյանքը նրանց համար պետք է ապահովեն, ըստ վարչապետի, ռուս խաղաղապահները։

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղում, և քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելն նրանց անմիջական պարտականությունն է», - ասաց նա։

Մինչդեռ պաշարված արցախցիները սոցիալական ցանցերով շարունակում են օգնություն աղերսել։

Երիտասարդ արցախցի աղջիկներից մեկը Ինստագրամով տարածած նյութում եզրահանգում է՝ ոչ Հայաստանին, ոչ Բաքվին, ոչ Ռուսաստանին ձեռնտու չէ արցախցիների դուրս գալը այլևս Ադրբեջան համարվող Ղարաբաղից։

Սոցիալական ցանցերում նաև ֆլեշմոբ է սկսվել։ Հայաստանցիները անձնագրի վերջին էջն են տեղադրում՝ գրելով, որ նույն անձնագիրն ունեն նաև Արցախում բնակվող հայրենակիցներ, հետևաբար որպես ՀՀ քաղաքացի՝ պահանջում են համարժեք վերաբերմունք։

Դեռ մի տարի առաջ Հայաստանի վարչապետն էր հայտարարում, որ Ադրբեջանը էթնիկ զտում ու ցեղասպանություն է ծրագրում Արցախում։ Այդուհանդերձ, այս օրերին Հայաստանի իշխանությունները փրկության որևէ հստակ ծրագիր հրապարակային չեն ներկայացրել, հայտարարել են միայն սցենարների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր։ Այսօր հայտնեցին 1340 մարդու մասին, որից 607 երեխա է։ Թե ինչ է սպասվում ասյ մարդկանց, ռուսական կողմը ևս որևէ տեղեկություն չի հաղորդել։ Իսկ այս ընթացքում սահմանից այն կողմ՝ Սյունիքի Կոռնիձոր գյուղում, Հայաստանի և Արցախի միջև մասնատված ընտանիքներն աչքը Լաչինի միջանցքին սպասում են հարազատների վերադարձին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG