Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծվ խորհրդական Մայք Ուլցը։
Նա հայտնել է, որ անցնող շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ», - X-ում գրել է Դոնալդ Թրամփի խորհրդականը։
«Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա», - վստահեցրել է Թրամփի խորհրդականը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից արդեն ողջունել էր Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ և ընդգծել, որ այժմ պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է։
Բաքվում այս պահին անազատության մեջ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։