Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու մասին լուրերը հուսադրող են, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
«Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները սա դարձնում են վերջին քայլն այն ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է Բերբոքը։
Թե ինչ զիջումների մասին է խոսքը՝ Բերբոքը չի մանրամասնել։ Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյաննա այսօր ասաց, որ տեքստը համաձայնեցված է՝ նշելով՝ սա համարում է «չափազանց կարևոր հանգրված հարաբերությունների կարգավորման և Հայաստանի շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»։
Միրզոյանն այսօր նաև ասաց, որ Երևանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Բաքվի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ։
Համաձայնագրի տեքսը ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը դեռ չեն հրապարակել։
Բերբոքը գրել է, որ «տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո կայուն խաղաղությունն այժմ կարող է իրականություն դառնալ, որը կարևոր է թե՛ տարածաշրջանի համար, թե՛ դրա սահմաններից դուրս»։