Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտն, ինչպես նաև վերջին տարիներին այս ուղղությամբ կողմերի հետևողական աշխատանքը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ միջազգային հանրության ներգրավմամբ։
Եվրամիությունը նաև ողջունում է Հայաստանին՝ «տեքստի վերջնականացման ուղղությամբ ճանապարհ հարթելու համար»։
«Այս հայտարարությունները վճռորոշ են տարածաշրջանում տևական խաղաղության և անվտնագության ուղղությամբ։ Կարևոր է պահպանել այս դինամիկան և ապահովել գործընթացի անխոչընդոտ ավարտը՝ նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցմամբ՝ երկու կողմից էլ», - նշում է Եվրամիությունը։
Ընգծելով իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԵՄ հայտարարում է, որ պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»՝ այս կառույցը «հնացած և ոչ ֆունկցիոնալ» որակելով։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէր անդրադարձել։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց՝ վերահաստատելով՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված՝ նշելով, որ սա համարում է «չափազանց կարևոր հանգրված հարաբերությունների կարգավորման և Հայաստանի շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»։
Միրզոյանը նաև ասաց, որ Երևանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Բաքվի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասներ շուրջ։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի կնքումից և վավերացումից հետո չի լինի, և որ Բաքուն ու Երևանը պարտավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո միջազգային իրավական ատյաններից վեճերը հետ կանչել և հետագայում չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրման պահը։
Համաձայնագրի տեքսը ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը դեռ չեն հրապարակել։