Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ողջունել է բանակցությունների ավարտի վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունները


Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը։

ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունել է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները, ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:

Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։

Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG