Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է Երևանի և Բաքվի առաջընթացը խաղաղության պայմանագրի ուղղությամբ


ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե, արխիվ
ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե, արխիվ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ, ասված է Եվրախորհրդի հաղորդագրությունում։

«2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ երկու երկրները հանձն են առել աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Այս Համաձայնագրի նախագիծն այդ ներուժն իրականացնելու և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն կառուցելու՝ երկու երկրների կամքի ապացույցն է։ Այժմ անչափ կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով», - ասված է հաղորդագրությունում։

Եվրախորհուրդն ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը և կշարունակի աջակցությունը երկու անդամ երկրներին՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերիշխանության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով։

Պաշտոնական Բաքուն և Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG