Հայ ռազմագերիների նկարներով և արդար դատավարության պահանջով «Ապրելու երկրի» կուսակցության ներկայացուցիչներն այլ գործիչների հետ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին: Միջազգային կառույցից պահանջում էին քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ, տեր կանգնեն իրենց մանդատին ու այցելեն Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին:
Ի պաշտպանություն հայ ռազմագերիների տասն օրից ավելի հացադուլ արած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը միջազգային հանրությանը կոչ արեց հավասարության նշան չդնել:
«Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ ՄԱԿ-ին, այսինքն, աշխարհին թույլ չտալ անել այն, ինչ մանդատի մեջ է, անել այն ինչի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ համաձայն է, ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն: Մենք այստեղ այլևս չենք լսելու այն տեքստը, որ՝ ձեզ հասկանում ենք, մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք», - հայտարարեց Թանդիլյանը:
Բաքվի ռազմական դատարանում 16 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ է ընթանում: Ադրբեջանը մտադիր է նաև փակել միջազգային Կարմիր խաչի գրասենյակը, որը միակ կառույցն է, որ այցելում է Ադրբեջանում պահվող 23 հայերին:
Ողբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության ու անվտանգության համար ստեղծված կառույցը չի կարողանում կամ չի անում անհրաժեշտ քայլերը, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի գնահատական է. հավելեց՝ մարդկանց դատում են ինքնորոշման իրավունքի պայքարի համար:
«Միավորված ազգերի կազմակերպությունը, որ իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, ուղղակի որևէ գործողություն չի ձեռնարկվում ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար», - ասաց Ստեփանյանը:
Առնվազն արդար դատաքննություն միջազգային կառույցների մասնակցությամբ: 23 օր բանտում հացադուլ արած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձում հայտնել, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց եթե Բաքվի դատարանում միջազգային ներկայացուցիչներ լինեն:
«ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններին և այցելեն բանտում գտնվող մեր հայրենակիցներին՝ նրանց առողջական վիճակի ու բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով ու գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ», - ընդգծեց Առաքելյանը:
Եվրախորհրդարանը երեկ բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։
Հայաստանի վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ռազմագերիների հարցով Բաքվի հետ համաձայնություն չկա, Ադրբեջանի նախագահի խորհրդականը երեկ անընդունելի համարելով հայերին «գերի ու պատանդ անվանելը»՝ առանց դատարանի որոշման նրանց մեղավոր էր ճանաչել՝ մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների համար:
«Միջազգային կազմակերպությունները նոր են սկսում արձագանքել, այնինչ արդեն 500 օր և ավելի մեր հայրենակիցները այնտեղ ենթարկվում են խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատվում են ու ոչ թե նրանք դատվում են որպես անձինք, այլ դատվում է հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը», - ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանը:
Բաքվում երեկ կայացած դատական նիստի ընթացքում, ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ի, հայ ռազմագերիներին տրված հարցերի մեծ մասը Հայաստանի հետ կապերի մասին է եղել: Քննությունը, ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, հասել է 1988 թվականի Ղարաբաղյան շարժմանը, փորձել են նույնիսկ պարզել՝ ովքեր են Երևանում մասնակցել «Միացում» շարժման հանրահավաքներին Հարցեր են հնչել ընդհուպ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարն Ժիրայր Սեֆիլյանի մասին:
Ըստ «Ազերթաջ»-ի՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն իբրև թե ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեն ձևավորում էր Հայաստանը, Հայաստանի և Արցախի բնակիչների տեղաշարժն անցակետում չի գրանցվել: