Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին, հաղորդում է Կրեմլը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր աջակցության վրա, նշել է նա։
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Կրեմլի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։