Մատչելիության հղումներ

Տարիներ ձգվող սպասում. հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում անհետ կորածների հարցերով


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Անհետ կորածների հարազատները մամուլից են իմացել, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները երկրորդ հանդիպումն են անցկացրել:

«Արդեն երկրորդ հանդիպումն է սա, և հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքներ, նմանատիպ բնույթի: Նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այդ աշխատանքները շարունակական կլինեն», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ով նաև այս հանձնաժողովի նախագահն է:

Աբազյանը դրական է գնահատում հանդիպումը

Հայ - ադրբեջանական հանդիպման մասին այսօր առավոտյան տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ առանց հստակեցնելու օրն ու վայրը: Արմեն Աբազյանը դրական է գնահատում հանդիպումը: Նա օրվա վերջում խորհրդարանում լրագրողներին ասաց՝ անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի հստակեցման, տեղեկատվության փոխանակման հարցերին, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորություններին։ Հայտնեց նաև, որ կա նախնական պայմանավորվածություն համատեղ որոնողական աշխատանքներ սկսել, երբ՝ փակագծերը չբացեց:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, արխիվ

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի վերաբերյալ էլ ԱԱԾ տնօրենը նշեց. - «Հիմա ես չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, հինգ օր հետո, թե մի ամիս հետո, թե մի տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ, համոզված եղեք, որ մեր կողմից ամեն ինչ արվում է»:

44-օրյա պատերազմում կորած որդիների մասին լուր չունեցող ծնողներն ասում են՝ իրենք էլ են ուզում մասնակցել այս հանդիպումներին, հարցեր տալ ադրբեջանական կողմին: Արմեն Մելքոնյանը որդու ԴՆԹ հետազոտության պատասխանը ստանալուց հետո հուղարկավորություն է արել, բայց դեռ հույս ունի, որ պատասխանը սխալ է, իսկ որդին Ադրբեջանում է: Նրա պես էլի ծնողներ կան, որոնց չեն համոզում գենետիկ հետազոտությունները:

«Մենք էլ կուզենանք մասնակցել այդ հանդիպումներին»

«Կուզենք հանդիպենք, բա մենք էլ մեր հարցերը ունենք տալու: Ուղղված է մեր էրեխեքին, մեր էրեխեքի մասին, անհետ կորածների մասին, իմանանք ուր են էդ էրեխեքը, մեր էրեխեքին թող տան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը:

Հայ և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանձնաժողովների առաջին հանդիպումը փետրվարին էր՝ սահմանին: Կողմերն այն ժամանակ դարձյալ մանրամասներ չէին հայտնել, միայն նշել էին, որ համաձայնել են շարունակել քննարկումները:

«Մենք հանդիպում ենք, ամեն անգամ ասում ենք, նրանք ասում են՝ «զբաղվում ենք, մենք գիտենք տեղը, զոհվածների տեղը մենք գիտենք». - Սամարա Գրիգորյանը որդուն սպասում է արդեն 33 տարի: Վրեժն անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Շրջափակման մեջ է հայտնվել Արցախում. - «Միացավ «Արաբո» ջոկատին, ճակատագիրը այդպես դաժան գտնվեց՝ 20 տարեկանում: Դա 1992 թվականի հունիսի 29-ին էր, որտեղ 79 տղաներ անհայտ ճակատագրով մնացին»:

Անհետ կորածի մայր Սամարա Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 4-ը հունիսի, 2025թ.
Անհետ կորածի մայր Սամարա Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 4-ը հունիսի, 2025թ.

«Դեռ սպասում ենք»

Հայկական կողմի պաշտոնական տվյալներով՝ արցախյան երկու պատերազմների հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1200 մարդ, Ադրբեջանը 4 հազար թիվն է նշում, մինչդեռ Երևանն այդ տվյալը կասկածի տակ է դնում:

Չնայած երկարուձիգ տարիներին, արցախյան պատերազմների ժամանակ անհետ կորածների հարազատների հույսը չի մարում: Երեք տասնամյակ որդուն սրտում ու հիշողության մեջ պահած մայրը հանձնաժողովից մի պահանջ ունի՝ ազատել այս տանջող անորոշությունից:

«Մենք պայքարել ենք 33 տարի շարունակ, որ գոնե պեղումներ անեն, մեր տղաների դիերը բերեն: Ես չեմ ասում՝ իմը կլինի, նրանը, ես գիտեմ՝ իմ տղան էլ է իրենց հետ եղել, եղբայրական գերեզման անենք, մենք հանգստանանք: Մեր տղաները, ճիշտ է, նրանք հուղարկավորել են էս զոհերին, բայց մենք ինքներս ուզում ենք, որպեսզի հուղարկավորեն Եռաբլուրում, բայց այդպես էլ մենք պատասխանը չենք ստանում: Չենք ստանում, որովհետև ցավը իրենցը չի, ցավը մերն է, մայրն է զգում այդ ցավը», - ասաց Սամարա Գրիգորյանը:

«Նայում եմ 90-ականներին անհետ կորածների ծնողներին ու սարսափում»

«Սայլը տեղից չի շարժվում: Տարիներ են անցնում, մենք չունենք էդ ժամանակը, մեր երեխաները չունեն էդ ժամանակը, տարիներ են անցնում: Ամեն ինչը դանդաղ է առաջ ընթանում: 90-ականների հետ էիք չէ՞ խոսում նոր, այ ես նայում եմ իրենց ու սարսափում, որ մենք էլ չընկնենք իրենց օրը, հասկանում ե՞ք». - 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մայրը՝ Արմինե Ներսիսյանը, չի ուզում բարձր ասել որդու անունը, որ սահմանից այն կողմ չվնասեն:

2020-ին տղան Հադրութում էր, հոր հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ է, հետո նրա հետ կապը կորել է: «Մեզ շրջափակել են, շատ վատ վիճակ է» ... Հայրն ասում է՝ «մոտդ մի հատ կպահես, որ գերի չընկնես»: Բայց «Ուրալ»-ները տրաքացնում են, ինքը փրկվում է: Ընկերներից մի քանիսը այրվում են մեքենայի մեջ, բայց ինքը ողջ է մնում», - պատմեց տիկին Արմինեն:

Անհետ կորածի մայր Արմինե Ներսիսյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 4-ը հունիսի, 2025թ.
Անհետ կորածի մայր Արմինե Ներսիսյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 4-ը հունիսի, 2025թ.

Եթե Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ են կնքելու, գոնե պայմանով կնքեն, նկատում է որդուն սպասող մայրը. - «Համաձայնության գան, որ «եթե հետ վերադարձնեք գերիներին ու այլ պահվող անձանց, էդ ժամանակ նոր կտամ էդ խաղաղության պայմանագիրը»:

Հայտնի է, սակայն, որ գերիների մասին կետ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրում չկա, իսկ անհետ կորածների մասին ոչինչ հայտնի չէ:

«Գոնե ինչ-որ բանի դիմաց, հասկանում ե՞ք, մենք միայն տալիս ենք, բայց ոչինչ դրա դիմաց չենք վերցնում», - ընդգծեց Արմինե Ներսիսյանը:

Այս երկու մայրերը՝ մեկը երիտասարդ, մեկն՝ արդեն տարեց, նույն անորոշության մեջ սպասում են պատերազմից չվերադարձած որդիներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG