Հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին Հայաստանի իշխանություններից պահանջել էր տեղեկություններ տրամադրել ավելի քան երեք տասնամյակ առաջ ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի մասին:
Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։
Երևանում կասկածի տակ են դնում ադրբեջանական կողմի նշած 4 հազար թիվը, շեշտելով՝ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։
Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։