Հայ - ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած հանդիպումը մի փոքրիկ հույս է արթնացրել անհետ կորածների ծնողների սրտում:
«Ամեն մի քայլն էլ բերում է իր դրական արդյունքները: Մենք դրական արդյունքների հույսեր ունենք: Կարևորը, որ սայլը տեղից շարժվեց: Պարոն Աբազյանենք պատրաստվել են, և այլն, և այլն, որ այս հանդիպմանը գնան արդեն, ու շատ բաներ կպարզվեն, հույս ունենք, ու դրական արդյունքներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը: Նա արդեն 4.5 տարի է զինվոր որդուն է որոնում ու բախտակիցների հետ ինչ դուռ ասես չի ծեծել, ինչ պաշտոնյայի ասես չի հանդիպել, որ ստանա հարցի պատասխանը՝ որտե՞ղ է պատերազմ գնացած ու այդպես էլ տուն չվերադարձած որդին:
Երեկ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը: Որևէ շոշափելի արդյունքի մասին այս ձևաչափով առաջին հանդիպումից հետո չի հաղորդվել: Կողմերը միայն նշում են, որ կարծիքներ են փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման հարցերի շուրջ, պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Հայկական հանձնաժողովը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, նա դեռ հոկտեմբերին էր ասել, որ հանդիպում է սպասվում, բայց ամսաթիվ չէր նշել. - «Նախատեսվում է, շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով»:
Արմեն Մելքոնյանը ևս սպասում էր այս հանդիպմանը: «Աբազյանը ասաց, որ հանդիպում է լինելու իրենց հետ, կարող է և դրական բաներ ձեզ ասեմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Մելքոնյանը, որ որդու ԴՆԹ հետազոտության պատասխանը ստանալուց հետո հուղարկավորություն էր արել, դեռ հույս ունի, որ պատասխանը սխալ է, իսկ որդին Ադրբեջանում է: Նրա պես էլի ծնողներ կան, որոնց չեն համոզում գենետիկ հետազոտությունները:
«ԴՆԹ եղավ, Գերմանիա ուղակեցինք, ճիշտն ասած էդքան էլ չեմ հավատում», - ասաց Արմեն Մելքոնյանը:
Հայրը հույս ունի, որ նման հանդիպումներն ի վերջո կցրեն տարիների անորոշությունը. - «Աստված տա, հա, էլի, իրոք էս ամեն ինչը սուտ լինի: Մեր ամենաշատ մեծ ցանկությունը էն է, որ է՛ն էրեխեքից գոնե լուրեր իմանանք, էն անհետ կորած էրեխեքից լուրեր իմանանք, էդ անհետ կորած էրեխեքը բացահայտվեն, իրենց մասին ասեն, որ իրենք ողջ են, իրենք տուն կգան»:
Դեկտեմբերին անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա արեցին, մի քանի ժամով փակեցին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով ասել, թե ինչ է անում Հայաստանը իրենց որդիների հարցը լուծելու համար: Ու միայն դրանից հետո խորհրդարանում քննարկում կազմակերպվեց բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Հայկ Նահապետյանն ասում է՝ այս ամսվա վերջին էլի կհանդիպեն խորհրդարանում. - «Հիմա մենք պետք է սպասենք այս մյուս հանդիպմանը, տեսնենք՝ ինչ հարց ու պատասխաններ կան, ինչ աշխատանքներ են կատարվել և այդ հարցերը բոլորը միասին»:
Վարչապետի որոշմամբ 2022-ին ձևավորված գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը կազմված է 11 մշտական անդամներից: ԱԱԾ-ից բացի, մշտական կազմում ներառված են Պաշտպանության, Ներքին գործերի, Առողջապահության, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, վարչապետի օգնականը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը: Ներկայացուցիչներ ունեն Հայկական Կարմիր Խաչն ու ևս երեք հասարակական կազմակերպություն: Հանձնաժողովի խնդիրն է աջակցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց որոնողական ու վերադարձի աշխատանքներին:
Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։
Երևանում կասկածի տակ են դնում ադրբեջանական կողմի նշած թիվը, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ 4 հազար ադրբեջանցի է սպանվել ու հուղարկավորվել զանգվածային գերեզմաններում: Շեշտում են՝ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։
Հայաստանն, իր հերթին, շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում, նրանցից 200-ը անհետ կորել է 44-օրյա պատերազմի ընթացքում: