Մատչելիության հղումներ

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները


Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները, հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Քննարկմանը կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

Ըստ հաղորդագրության՝ դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

«Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների», - նշված է հաղորդագրությունում։

Փետրվարի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG