Մատչելիության հղումներ

Անհայտ կորածների որոնման հարցում պետք է հասնել Երևանի և Բաքվի համագործակցությանը․ Օսորնո

Լրացված

Ադրբեջանցի զինվոր, արխիվ
Ադրբեջանցի զինվոր, արխիվ

Ականները դժվարացնում են Ադրբեջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքները, Բաքվում հայտարարել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Կարմեն Օսորնոն։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովն էլ, իր հերթին, հաղորդել է, թե «ռազմական գործողությունների ավարտից հետո օկուպացված տարածքներում տեղի է ունեցել ականների պայթյունների հետ կապված 231 միջադեպ, որի հետևանքով զոհվել է 70, վիրավորվել՝ 314 մարդ»՝ նշելով, թե «տարածքներ, բնակավայրեր են վերացվել, անհայտ կորածների գերեզմաններ են միտումնավոր ոչնչացվել»։

«Վերոնշյալ պատճառներով նույնիսկ մարդիկ, ովքեր պետական հանձնաժողովին տեղեկություններ են տրամադրում գերեզմանների մասին, չեն կարողանում ճշգրիտ վայրերը նշել», - ասել է Հասանովը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավարն էլ շեշտել է, որ իրենց նպատակն է՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը։

«Նախ պետք է օգնություն ցուցաբերենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ անհրաժեշտ է լուծել համագործակցության հարցը», - ասել է ծրագրերի ղեկավարը։

Բաքուն ավելի վաղ հայտարարել է, թե «առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 4 հազար ադրբեջանցիներ են սպանվել և թաղվել զանգվածային գերեզմաններում ու նաև ասել, թե «Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:

Այս տարվա փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովները: Կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Իսկ Բաքվի նշած 4 հազար թիվը Երևանում կասկածի տակ են դնում՝ շեշտելով՝ այդ մասին տեղեկություններ չունեն, իսկ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։

Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG