Մատչելիության հղումներ

«Մայրության տոնն է, 4,5 տարի մեր որդիներին ենք փնտրում». անհետ կորածների մայրերի Ապրիլի 7-ը


«Էսօր մայրության տոն ա, շատ գեղեցիկ տոն ա: Ես երբ որ մայրացել եմ, մայրացել եմ, երբ որ ծնվել ա իմ տղան, որին ես արդեն չորսուկես տարի ա ման եմ գալի ... »:

«Ինձ ոչ մեկի ոչ ծաղիկն ա պետք, ոչ մեկի ոչ շնորհավորանքն ա պետք, ես իմ որդուց եմ ուզում էդ շնորհավորանքը ... »:

«Մեր համար չկա տոներ, մեր տոների օրերը մեր համար ավելի մեծ ցավ ու տառապանք ա ... »:

«Վերադարձրե՛ք մեր տղաներին»: Անհետ կորած զինծառայողների մայրերը այսօր Կառավարության մոտ էին: Չորսուկես տարի նրանք ոչ շնորհավորանքների, ոչ էլ ծաղիկների են սպասում: Մի լուր են ուզում լսել իրենց կորած որդիներից:

«Ես ուղղակի ուզում եմ մի անգամ իմ էրեխեն զանգի ասի «մամ», ուրիշ ոչ մի բան չեմ ուզում ... »:

«Ո՞նց ես գլուխդ բարձին դնում, ո?նց ես հացը մի կտոր ուտում: Էն փշուրը, որ մնում ա սեղանի վրա, ես չեմ թափում, դուրս եմ հանում, թռչուններին լցնում, որ ասում եմ, չգիտեմ, թող թռչուններն ուտեն, կարող ա էդ ամեն ինչը հասնի իմ էրեխուն ... »:

Նրանց որդիները 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած են համարվում: Մայրերը համոզված են՝ ողջ են, Բաքվում են: Նրանց մասին պատմելիս անուններն էլ չնշեցին, որ չվնասեն.

«Հա, հա, հա, մտածում եմ, որ իմ տղան էնտեղ ա, հա, Բաքվում ... »:

«Մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում, ու մենք՝ ծնողներս, միայն տանջվում ու տառապում ենք ... »:

«Չգիտեմ՝ էլ ի՞նչ ասենք, էլ ո՞նց մեր ձայնը բարձրացնենք, էս անտարբերությունը ժողովրդի թե Կառավարության ո՞նց կոտրենք ... »:

Կանանցից մեկը, որ չցանկացավ ներկայանալ ու առանձնանալ մյուս մայրերից, իր որդուն փնտրել է ամենուր, զոհվածների մասունքների մեջ էլ, չի գտել. - «Էն որ չգիտեմ ինչ ձևով ման ենք եկել, էլ տեղ չեք թողել, էլ տեղ չկա, որ չենք դիմել, քննություններ ա գնում»:

Իր որդուն զորակոչվելուց մեկ ամիս անց ամենաթեժ կետ են տարել՝ Ջաբրայիլ: Զորամասում 18 տարեկան ժամկետայինը, մոր խոսքով, 11 օր է անցկացրել, ու Ագարակից ուղիղ առաջնագիծ են տարել. - «11 օրվա զինվորը զինվոր ա՞, պատերազմի պատրաստ զինվոր ա՞, ու Ջաբրայիլ են տարել, ինչի՞ համար: Դե անհայտ բացակայող ա էրեխեն ճանաչված փաստացի: Պաշտպանություն-մաշտպանություն, բայց իրանք խի պատասխանատվություն կրո՞ւմ են իրանց վրա, ոչ, չեն կրում: Ասեմ ավելին՝ անցում ա երեք-չորս տարի, էրեխեն երեքուկես տարի անհայտ կորած ա, զանգում են ասում են՝ «դուք մայրն ե՞ք», ասում եմ՝ «հա», ասում ա՝ «արի բիլետը տար»: Ինչի ես իրանց թղթի կտոր ե՞մ տվել»:

Պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո շուրջ 200 հայ զինծառայող է կորել: Ակցիայի մասնակիցներից մեկի որդին էլ է այդ ցանկում, բայց անցած տարի զինկոմիսարիատից զանգել, կանչել են հաշվառման, որ եռամսյա հավաքների զորակոչեն. - «Այ էդ ա մեր Կառավարությունը, ո՞ւր ա մեզի ՊՆ, ո՞ւր ա մեզի Կառավարություն, ո՞ւր ա, ոչ մի բան մենք չունենք»:

«Իմ էրեխուն էլ, մի տարի առաջ զանգել են, ասում ա՝ «հաշվառում ենք անում, որ տանենք եռամսյա հավաքների», ասում եմ՝ «դու տեղը գիտե՞ս իմ էրեխու, եթե գիտես, ինձ ասա, բա դու չես իմանո՞ւմ իմ էրեխեն որտեղ ա, զանգել ես հաշվառում էս անում». - իր որդին էլ երկու ամսվա ժամկետային է եղել, որ պատերազմը սկսվելուն պես Մարտունու զորամասից ուղիղ Ջաբրայիլ են տարել: Նա էլ որդու մասին անանուն էր պատմում, ինքն էլ ներկայանալ չէր ուզում. - «Հարցնում ես ասում ես՝ «եթե դուք համարում էիք 30 տարի Ղարաբաղը Ադրբեջան էր, ի՞նչ գործ ուներ իմ էրկու ամսվա ծառայող 18 տարեկան էրեխեն Ադրբեջանում: Ի՞նչ գործ ուներ»:

«Շատ փաստեր կան, որ իմ տղան ողջ ա, էնտեղ ա». - Արմինե Ներսիսյանի որդին էլ է անհետ կորած, բայց նա համոզված է՝ Բաքվում է: Ասում է՝ պատերազմից հետո ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել է՝ ինչպես են որդուն գերեվարում: - «Ես վստահ եմ, մեզանից շատերը վստահ են, որ իրենց որդիները գերության մեջ են, Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք մեր տղաներին ենք ուզում»:

Արմինեի որդուն էլ Սիսիանից են Ֆիզուլի տարել: Շրջափակման մեջ է ընկել, ու դրանից հետո լուր չունեն: Նամակներ են ստացել, որ մասունքներում փնտրեն, փնտրել են ու չեն գտել: Մարդու իրավունքների եվրոպական դատարան էլ են հասել. - «Դրանից հետո դիմել ենք ՄԻԵԴ, Սիրանուշ Սահակյանին, Արտակ Զեյնալյանին, մեր հայտը բավարարել են, ենթադրյալ գերի, բռի անհետացած, ՊՆ-ում՝ որպես զոհված, դատարանով՝ որպես անհայտ բացակայող, Քննչականը չի աշխատում»:

Վարչապետ Փաշինյանի նստավայրի մոտ հավաքված մայրերին ոչ մեկը չմոտեցավ: Նրանք էլ որևէ մեկին տեսնել չէին ուզում: Խաղաղ ակցիայով իրենց պահանջն էին հիշեցնում.

«Ոչ ուզում եմ, ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ հիմա ղեկավարությունից, Կառավարությունից, չակերտավոր իշխանավորներից, ասել եմ ու կասեմ, էնտեղ փնի աշխատողներ են միայն, աշխատանք չկա, արդյունք չկա, չեն աշխատում ... »:

«Ես իմ տուն-տեղ ամեն ինչ կտամ, մենակ իմ էրեխուն տան, ես իմ էրեխուն գրկեմ, ավել բան չեմ ուզում: Էդ կարոտը գիտե՞ք ինչ ա, ոնց ա մարդու կոկորդը խեղդում, հասկանում ե՞ք ինչ ապրումներ ա ունենում մայրը ... »:

Օրեր առաջ էլ ծնողները պաշտոնյաներից պատասխաններ էին պահանջում խորհրդարանում: Փակ հանդիպումից դուրս եկան դժգոհ, ասացին՝ ոչ մի հուսադրող բան չեն լսել:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG