Ավելի քան 4 ժամ տևեց 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների փակ հանդիպումը: Աննախադեպ թվով ծնողներ են մասնակցել՝ մոտ 8 տասնյակ:
Նրանցից 16-ը գտնվում էին նիստերի դահլիճում և անձամբ տարբեր պաշտոնյաների հարցեր ուղղելու հնարավորություն ունեին: Մոտ 7 տասնյակ ծնողներ էլ օթյակից էին հետևում փակ քննարկամնը:
Հանդիպումից հետո ծնողներից մի քանիսը դժգոհեցին քննարկման արդյունքներից, ոմանց մոտ որոշակի հույսեր էին արթնացել, որ դեռևս կարող են իրենց երեխաների ճակատագրի մասին որևէ տեղեկություն ունենալ: Կային ծնողներ, ովքեր պնդում էին, որ կոնկրետ փաստեր ունեն, որ իրենց երեխաները ողջ են:
«Ազատության» հարցին՝ ինչ ասացին՝ ինչ-որ քայլեր արվո՞ւմ են անհետ կորածներին գտնելու ուղղությամբ, ծնողերից մեկը պատասխանեց. - «Արվում է, երկուշաբթի օրը կպատասխանեն»:
Անհետ կորած զինծառայողների ծնողները մեզ հետ զրույցում նաև նշեցին՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ևս մեկ հանդիպում տեղի կունենա մեկ ամսից, կրկին խորհրդարանում: Այս փաստը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշեց՝ մեկ ամսից կրկին հանդիպելու են, բայց արդեն կոնկրետ արդյունքներով:
«Շատ կոնստրուկտիվ քննարկում էր ու շատ կարևոր էր բոլորիս համար: Այս քննարկումը, որ տևեց հինգ ժամ, շարունակություն ունի, ու այդ շարունակության մեջ մենք անելիք ունենք: Էս հինգ ժամվա ընթացքում հարցեր են հնչել, պատասխան տվողները ներկա են եղել ամենաբարձր մակարդակով ու տրվել են հարցերին պատասխաններ, ինչքանով բավարարեց, թե՝ ոչ, դա ցույց կտա մեր հետագա պլանավորած աշխատանքի արդյունքում: Այնքան ցավոտ ու խնդիրներ առաջացնող պրոցեսներ են եղել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց լուծումների ճանապարհին մենք պետք է գտնենք նաև անցնելիք ճանապարհը մասին անցնելու հնարավորություն», - ասաց Քոչարյանը:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո անհետ կորած է համարվում շուրջ 195 քաղաքացի ու առայսօր նրանց ճակատագրի հետ կապված որևէ տեղեկություն չկա: