Մատչելիության հղումներ

Քննարկում ԱԺ-ում՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ու պաշտոնյաների մասնակցությամբ


Մոտ մեկ ժամ է՝ խորհրդարանում մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների փակ հանդիպումը: Քննարկմանը մասնակցում են աննախադեպ մեծ թվով ծնողներ՝ մոտ 8 տասնյակ, նրանցից 16-ն անմիջապես դահլիճում մասնակցելու հնարավորություն ունեն, մյուսները՝ շուրջ 6-7 տասնյակը, քննարկմանը հետևում են օթյակից:

Անհետ կորածների հարազատներն իրենք են ընտրել այդ ձևաչափը՝ նշելով, որ սա հնարավորություն կտա առավել համակարգված ուղղել իրենց հարցերը պաշտոնյաներին: Նրանց հիմնականում անհանգստացնում է, թե կոնկրետ անցած 4 տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել անհետ կորած զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, և մյուս կարևորագույն հարցերի խումբը վերաբերում է ԴՆԹ փորձաքննություններին:

Ծնողներից շատերը համաձայն չեն այն փորձաքննությունների արդյունքների հետ, որոնք ներկայացվել են իրենց, և պահանջում են կրկնակի անկախ փորձաքննություն:

Փակ քննարկմանը մասնակցում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը, պաշտպանության փոխնախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Քննարկումը մոտ 3 ժամ է տևելու:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա քննարկման ընթացքում բոլոր հարցերի պատասխանները չեն կարող տալ, և գործընթացը պետք է շարունակական լինի:

«Ես վստահեցնում եմ ձեզ մինչև այս քննարկումը սկսելը, որ այդ ընկալումը, բնական է, մեր հյուրերի, մեր գործընկերների, բոլորի մոտ կա», - նշեց նա:

XS
SM
MD
LG