ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը:
«Քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները և նման բնույթի այլ հարցեր։
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքները լինեն շարունակական: Ես որակում եմ այդ հանդիպումը դրական», - նշեց նա լրագրողների հետ զրույցում:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Աբազյանն ասաց՝ շահագրգռված են օր առաջ արդյունք ունենալ:
«Չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, թե մեկ ամիս հետո, բայց այդ ուղղությամբ, համոզված եղեք, աշխատանք տարվում է», - հավելեց նա:
Ըստ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ այդ հանդիպմանը կողմերը դիտարկել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։
Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։