Մատչելիության հղումներ

Միրզոյանը Կարմիր խաչի կոմիտեի նախագահին մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող հայերի նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ


Հայաստանի արտգործնախարարը Ժնևում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին: Միրզոյանը նրանց դատավարություններն այսօր անվանել է կեղծ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ զրույցում էլ արտգործնախարարը մտահոգություն է հայտնել նրանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։

Արցախի ղեկավարությանը Բաքվում դատելուն հայաստանյան հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները, որ ադրբեջանցիներն արգելված հոգեմետ միջոցներով կարող են ցուցմունքներ կորզել հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը խոսել է նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերի մասին, ընդգծել է խնդիրը հասցեագրելու ուղղությամբ ՀՀ կողմից արտահայտված պատրաստակամությունն ու քայլերը:

Այս ասմվա սկզբին Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը: Որևէ շոշափելի արդյունքի մասին այս ձևաչափով առաջին հանդիպումից հետո չի հաղորդվել: Կողմերը միայն նշում են, որ կարծիքներ են փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման հարցերի շուրջ, պայմանավորվել են շարունակել քննարկումները:

XS
SM
MD
LG