Մատչելիության հղումներ

Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքը նոր հարձակում է սկսել Կուրսկի ուղղությամբ


Կուրսկ, արխիվ
Կուրսկ, արխիվ

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ֆոնին Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքը հետևակի կիրառմամբ նոր հարձակում է սկսել Կուրսկի ուղղությամբ: Ռուսական այս շրջանը մասամբ ուկրաինական զինուժի վերահսկողության տակ անցավ 2024-ի օգոստոսին՝ Ուկրաինայի հանկարծակի հարձակման ժամանակ:

Ու մինչ ռազմական գործողությունները շարունակվում են, Կիևն անվտանգության կայուն երաշխիքներ է ակնկալում Վաշինգտոնից, սակայն ԱՄՆ նախագահը դեռ որևէ խոստում չի տվել: Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի անվտանգությունով նախևառաջ պետք է շահագրգռված լինի Եվրոպան, որն ուղղակիորեն սահմանակից է Ուկրաինային և հետևաբար ավելի շատ պատասխանատվություն պետք է ստանձնի:

Ուկրաինայի համար վճռական այս փուլում մի քանի ժամից Վաշինգտոնում սպասում է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը: Այժմ շատ բան կախված է նրանից, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին կկարողանա Դոնալդ Թրամփին համոզել անվտանգության որևէ երաշխիք տալ ռուսական ագրեսիայի դեմ: Այսօրվա հանդիպմանը պետք է նաև ստորագրվի ուկրաինական հանքերի համատեղ շահագործման և Ուկրաինայի վերակառուցման մասին շրջանակային համաձայնագիր, որի շուրջ կողմերը բանակցել են վերջին շաբաթներին:


Ժամեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ բանակցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետը, որը Դոնալդ Թրամփից այդպես էլ կոնկրետ հավաստիացումներ չստացավ Ուկրաինային աջակցելու հարցում: Բանակցություններից հետո Քիր Սթարմերն ասաց՝ ցանկացած լուծում պետք է լինի երկարաժամկետ, ապա նշեց, որ քննարկել են խաղաղության հասնելու ծրագիր, որը կկանգնեցնի Պուտինին և թույլ չի տա կրկին ագրեսիայի դիմել:

«Դա չի կարող լինել խաղաղություն, որը պարգևատրում է ագրեսորին ... Իմ մտահոգությունն այն է, որ եթե կա գործարք ... ապա դա պետք է լինի երկարաժամկետ, ոչ թե ժամանակավոր միջոց: Հենց այդ պատճառով եմ կարծում, որ իսկապես կարևոր է, որ Պուտինն իմանա դա», - ասաց նա:

Սթարմերը վերահաստատեց՝ հրադադար կնքելուց հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է և՛ զորք տեղակայել Ուկրաինայում, և՛ տրամադրել օդային աջակցություն՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն, կոնկրետ ոչինչ չասաց, թե խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման դեպքում Միացյալ Նահանգներն աջակցության ինչ երաշխիքներ է տալիս:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ասաց՝ ԱՄՆ նախագահը խաղաղության համաձայնագիր կնքելու մեծ հնարավորությունների պատմական պահ է ստեղծել, գործարք, որը կտոնեն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «Դա է վերջնական նպատակը։ Սակայն մենք պետք է դա անենք առանց սխալների»,- ընդգծեց նա:


Թրամփն իր հերթին ասաց՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կնքելու շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա, նաև հավաստիացրեց՝ Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կնքելուց հետո Վլադիմիր Պուտինը կպահի իր խոստումը և կրկին չի ներխուժի Ուկրաինա. «Ես նրան վաղուց եմ ճանաչում և... չեմ հավատում, որ նա իր խոսքը կդրժի ...: Երբ մենք գործարք կնքենք, կարծում եմ, որ հրադադարը կպահպանվի»:

Թրամփը Սթարմերի հետ հանդիպմանը նաև գովեստի խոսքեր էր ասել Վլադիմիր Զելենսկու մասին, ում օրեր առաջ բռնակալ էր անվանել: «Ես շատ եմ հարգում նրան»,- ասել էր նա, իսկ երբ լրագրողներy հիշեցրել էին իր նախորդ հայտարարությունը, Սպիտակ տան ղեկավարն ասել էր. «Իսկապե՞ս նման բան եմ ասել: Հավատս չի գալիս, որ նման բան եմ ասել»:

XS
SM
MD
LG