Մատչելիության հղումներ

Հազվագյուտ օգտակար հանածոները՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևոր գործոն


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնը և Կիևը սկզբունքային համաձայնության են եկել հազվագյուտ մետաղների, կարևոր օգտակար հանածոներ և այլ բնական ռեսուրսների համատեղ շահագործման շուրջ՝ առանց անվտանգության երաշխիքների, գործարք, որն, ըստ կողմերի, կարող է նպաստել արդեն երեք տարուց ավելի Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական պատերազմի դադարեցմանը։

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ուրբաթ գալ Վաշինգտոն՝ ստորագրելու այդ «մեծ գործարքը»։

«Մենք հիմա ասում ենք՝ մենք ուզում ենք ապահովված լինել։ Ամերիկացի հարկատուներն այժմ պատրաստվում են հետ ստանալ իրենց գումարները», - ասել է Թրամփը՝ չներկայացնելով համաձայնագրի մանրամասները։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը դիմել է երկրի փոխվարչապետի գրասենյակին, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությանը, երկուսն էլ հրաժարվել են մեկնաբանել բանակցությունների ընթացքը և համաձայնագրի ներկա վիճակը:

Չեխիայի կառավարության ներկայացուցիչ Թոմաս Կոպեցնին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե ինքը տեսել է փաստաթուղթը, և թեև այն անվտանգության երաշխիքներ չի տալիս «ավանդական իմաստով», սակայն տնտեսական շահերի ու արտաքին քաղաքականության շաղկապումը օգնում է ապահովել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ մնա Ուկրաինայի բարօրությանը:

«Դա երկու երկրների դիվանագիտական բանակցությունների հաջողությունն է», - ասել է Կոպեցնին՝ փաստաթուղթն անվանելով «ողջամիտ և արդար»։

«Գործարքն ինքնին միջոց է՝ ստիպելու ամերիկյան ձեռնարկություններին, ամերիկյան բիզնեսին և ամերիկյան կառավարությանը զբաղվել Ուկրաինայի վերակառուցմամբ և ոչ միայն թղթի վրա, այլև կոնկրետ ֆինանսական և ներդրումային սխեմաների միջոցով»,- ասել է նա:

Բազմաթիվ հաղորդումների համաձայն, որոնք հղում են անում Ուկրաինայի կառավարության աղբյուրներին, գործարքը կտարածվի Ուկրաինայի կարևոր օգտակար հանածոների և այլ բնական պաշարների, այդ թվում՝ նավթի ու գազի արդյունահանման, համատեղ զարգացման վրա։

Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ է ստանալու Ուկրաինան այդ գործարքով, Թրամփը կրկին հիշեցրել է 350 միլիարդ դոլարի օգնությունը, որը, նրա խոսքով, ԱՄՆ-ն արդեն տրամադրել է Կիևին։

Ukrainians Mostly Say Minerals Deal With U.S. OK If It Means Security
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Գաբրիելիուս Լանդսբերգիսը, ով անցած տարեվերջին դեռ Լիտվայի արտգործնախարարն էր, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նման շրջանակային համաձայնագրի հայեցակարգը կարող է դաս լինել Եվրոպայի համար։

«ԵՄ-ն պետք է ավելի արագ լինի՝ դիվանագիտական, քաղաքական, ֆինանսական ոլորտներում: Ուկրաինան ԵՄ թեկնածու երկիր է, և ԵՄ-ն կարող էր տեխնիկական աջակցություն առաջարկել՝ գնահատելու, թե արդյոք ԱՄՆ-ի առաջարկած գործարքը բխում է Ուկրաինայի լավագույն շահերից», - ասել է Լանդսբերգիսը:

Հնարավոր համաձայնությունից շաբաթներ առաջ՝ փետրվարի 3-ին, Թրամփը հայտարարեց, որ իր վարչակազմը «փորձում է գործարք կնքել Ուկրաինայի հետ՝ նրանց հազվագյուտ հողի և այլ հանածոների շուրջ»:

Նրա խոսքերը ուրվագծեցին փոխզիջման շրջանակը, որով Վաշինգտոնը պետք է Ուկրաինայի կարևոր օգտակար հանածոներին հասանելիություն ստանա՝ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնության, ներառյալ տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական աջակցության դիմաց:

Հնարավոր այդ գործարքի շուրջ տարաձայնություններն ի հայտ եկան Մյունխենի անվտանգության համաժողովում և Թրամփի ու Զելենսկու միջև փոխադարձ ու հրապարակային քննադատության պատճառ դարձան, երբ Զելենսկին հայտարարեց, թե մերժել է ԱՄՆ-ի նախնական առաջարկն, այդ թվում՝ անվտանգության կոնկրետ երաշխիքների բացակայության պատճառով:

Ռուսաստանը ԱՄՆ-ին սեփական հանքային գործարքն է առաջարկում

Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի եռամյա տարելիցին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր տարր ավելացրեց կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ անդրատլանտյան քննարկումներին՝ առաջարկելով Վաշինգտոնին Ռուսաստանի սեփական հանքավայրերի համատեղ հետախուզման հնարավորություն։ Այս քայլն, ըստ փոձագետների, նպատալ ունի բարդացնել ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագրի ճանապարհը։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք անկասկած ունենք զգալիորեն ավելի շատ նման ռեսուրսներ, քան Ուկրաինան»,- հայտարարեց Պուտինը։

Ռուսաստանի նախագահն այս մասին խոսեց, երբ Թրամփը ողջունեց Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև տնտեսական սերտ համագործակցության հնարավորությունները խաղաղ համաձայնագրի դեպքում:

Պուտինն անդրադարձել է նաև մի զգայուն խնդրին, որն ընկած է Ուկրաինայի դեմ իր պատերազմի հիմքում և, ամենայն հավանականությամբ, կռվախնձոր կդառնա պատերազմը դադարեցնելու շարունակվող ջանքերում՝ ասելով, որ հազվագյուտ մետաղների վերաբերյալ հնարավոր գործարքները կարող են ներառել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված արևելյան Ուկրաինայի հատվածները՝ ռեսուրսներով հարուստ Դոնբաս շրջանը:

Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների՝ Ռուսաստանի հազվագյուտ մետաղների պաշարները 3,8 միլիոն տոննա են կազմում:

Հազվագյուտ մետաղների արդյունահանմամբ և մշակմամբ զբաղվող ռուսական ընկերությունների հիմնական մասը պետականացվել է՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։ Այժմ այս ընկերությունները վերահսկվում են «Ռոսատոմ» պետական միջուկային ընկերության կողմից, որը սերտ կապեր ունի Պուտինի մտերիմ գործընկեր Միխայիլ Կովալչուկի հետ, փետրվարի 25-ին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական քննչական բաժինը՝ Systema-ն:

Հազվագյուտ մետաղների շարքին են դասվում 17-ից ավելի հանքանյութեր այդ թվում՝ իտրիում, ցերիում և լանթան: Այս մետաղների պահանջարկն աճում է, որովհետև դրանք օգտագործվում են մարտկոցների, համակարգիչների, սմարթֆոնների, մագնիսների և էլեկտրական մեքենաների արտադրության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաներով սպառազինության մեջ:

Հանքանյութերի ինչ պաշարներ ունի Ուկրաինան

Ուկրաինան ասում է, որ ունի շուրջ կեսը այն 50 օգտակար հանածոների, որ Վաշինգտոնը համարում է «առանցքային՝ Միացյալ Նահանգների տնտեսության և ազգային անվտանգության համար:

Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ օգտակար հանածոների հետ կապված գործարքը կբարձրացնի Ուկրաինայի անվտանգությունը, քանի որ Միացյալ Նահանգները ցանկանում է պաշտպանել այդ երկրի շահերը, սակայն Զելենսկին ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ են ուժեղ և հուսալի անվտանգության երաշխիքներ՝ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի դեպքում։

ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ պահանջելուց բացի Կիևում նաև կասկածի տակ էին դնում Վաշինգտոնից հնչող թվերը՝ մինչ օրս Ուկրաինայից ԱՄՆ-ի նշած գումարները նաև տարակուսանք են առաջացրել Կիևում:

Թրամփն այս ամսվա սկզբին ասաց, որ ցանկանում է «500 միլիարդ դոլարի համարժեք հազվագյուտ հողեր», իսկ մերժումից հետո Վաշինգտոնի կողմից առաջարկված նոր նախագիծը կոչ էր անում Ուկրաինային հատկացումներ անել ԱՄՆ-ի տնօրինության տակ գտնվող հիմնադրամին, մինչև այն հասնի այդ գումարին:

Զելենսկին նշել է, որ ամերիկյան ռազմական օգնությունը մինչ այժմ 500 միլիարդ դոլարից շատ ավելի պակաս է եղել, և որ գումարի մեծ մասն ուղղվել էր ԱՄՆ զենք արտադրողներին: Ըստ Կոնգրեսի հետազոտական ծառայության՝ սեպտեմբերի դրությամբ Կոնգրեսն արտակարգ լրացուցիչ ֆինանսավորման կարգով 174,2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային, որի 64 տոկոսը փոխանցվել է պաշտպանության նախարարությանը և պաշտպանական ոլորտի հետ առնչություն ունեցող հաշիվներին:

Համաձայնագրի «վերջնական տարբերակը», որը գտնվում է «Ազատության» տրամադրության տակ, չի ներառում 500 միլիարդ դոլարի պահանջը: Գործարքի շրջանակներում «կստեղծվի հիմնադրամ, որին Ուկրաինան կներդնի պետական հանքային ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի և հարակից լոգիստիկայի «ապագա դրամայնացումից» ստացված հասույթի 50 տոկոսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG