Շաբաթներ շարունակված քննարկումներից ու նախագահների միջև փոխադարձ մեղադրանքներից հետո այսօր Կիևը հայտարարեց՝ Ուկրաինան և Միացյալ Նահանգները նախնական համաձայնության են եկել լայն տնտեսական համաձայնագրի շուրջ, որով Ամերիկան վերահսկողություն կստանա Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների նկատմամբ։
Ուկրաինայի վարչապետն այսօր տեղեկացրեց, որ կողմերը պատրաստվում են առաջիկա օրերին ստորագրել նախնական համաձայնագիրը, մինչդեռ ամբողջականը, այդ թվում՝ գործարքի մանրամասներն ու ԱՄՆ-ի կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքները, դեռ պետք է հստակեցվեն։ Այս փուլում Կիևը միայն ընդգծում է, որ առանց այդ երաշխիքների համաձայնությունը գործուն չի լինի։
«Մեզ համար անվտանգության երաշխիքներն իրականում նախագահ Վլադիմիր Զելենսկու հաղթանակի ծրագիրն է: Առաջին կետը ՆԱՏՕ-ն է՝ Ուկրաինայի համար կամ այլ ուժեղ անվտանգության երաշխիքներ: Երկրորդ, երրորդ կետերը աջակցությունն են ճակատին և միջոցներ՝ հակառակորդին զսպելու համար: Չորրորդ կետը, ըստ էության, տնտեսական համագործակցության մասին է, որի շուրջ մենք բանակցում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի մեր գործընկերների հետ», - ասել է Դենիս Շմիգալը:
«Ազատության» տրամադրության տակ է Վաշինգտոնի ու Կիևի միջև բանակցվող գործարքի վերջին տարբերակը, ըստ որի, հանքերի շահագործումից ստացված միջոցները պետք է ներդրվեն Ուկրաինայի տնտեսության և պատերազմից էապես տուժած ենթակառուցվածքների վերականգնման մեջ: Գործարքը կարող է կնքվել արդեն առաջիկա ուրբաթ օրը, երբ Զելենսկին այցելի Վաշինգտոն։
Սպիտակ տան ղեկավարը ևս երեկ խոսեց այդ մասին:
«Ինձ տեղեկացրել են, որ նա գալիս է ուրբաթ օրը։ Անշուշտ, ես դեմ չեմ։ Նա ցանկանում է գործարքը ստորագրել ինձ հետ։ Ես դա հասկանում եմ։ Դա մեծ գործարք է», - հայտարարեց Դոնալդ Թրամփը:
Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով, համաձայնագիրը հնարավոր է դարձել, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է Ուկրաինայից 500 միլիարդ դոլար ստանալու պահանջից՝ նախկինում տրամադրված աջակցության դիմաց: Ըստ Կիևի, ներկայիս փաստաթուղթը վերաբերում է ապագային՝ պետք է ստեղծվի երկկողմ հիմնադրամ, որին կփոխանցվի հանքարդյունաբերությունից ստացվող միոցների 50 տոկոսը, որով ներդրումներ կարվեն Ուկրաինայում։
Երեկ, սակայն, Դոնալդ Թրամփը կրկին պնդեց՝ գործարքի նպատակն է երաշխավորել, որ ամերիկացի հարկատուներն էլ իրենց գումարների դիմաց ինչ-որ բան ստանան։ «Եվրոպան իր օգնությունը որպես վարկ է տրամադրել», - հայտարարեց Թրամփը, թեև Ֆրանսիայի նախագահը նախօրեին հերքել էր այդ պնդումները։
«Մենք նրանց հենց այնպես ենք տվել՝ լինի 300, թե 350 միլիարդ, իրականում ոչ ոք չգիտի։ Անգամ դրա պատասխանն ինձ չեն կարողանում տալ, դա նշանակում է, որ հավանաբար դրանից ավելին է տրվել։ Այնպես որ ... մենք ուզում ենք այդ գումարը հետ ստանալ», - ասաց Միացյալ Նահանգների նախագահը:
Ուկրաինայի վարչապետն այսօր պնդեց՝ այս գործարքը բխում է երկու կողմերի շահերից, ընդգծելով՝ Կիևը երբեք չէր ստորագրի որևէ ստրկական կամ գաղութային պայմանագիր:
Միաժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ փաստաթղթի նախնական տարբերակով Վաշինգտոնը անվտանգության որևէ պարտավորություն չի ստանձնում։
«Այս հիմնադրամը Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից ստացված միջոցները ներդնելու է Ուկրաինայի զարգացման, վերակառուցման ու անվտանգության մեջ։ Այն կառավարվելու է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից՝ համատեղ», - նշել է Շմիգալը:
Գործարքը չի երաշխավորում զենքի շարունակական մատակարարում, սակայն նշվում է, թե ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան լինի «ազատ, ինքնիշխան և անվտանգ» երկիր: Գործարքի դիմաց Ուկրաինան կստանա «պայքարելու իրավունք», երեկ ասաց Թրամփը՝ առանց հավելյալ մանրամասների։
Ի պատասխան՝ այսօր Ուկրաինայի նախագահը ուղիղ հարց տվեց Սպիտակ տան ղեկավարին. «Ուզում եմ ուղիղ հարցնել նախագահ Թրամփին՝ արդյոք նա դադարեցնելո՞ւ է ռազմական օգնությունը: Ուկրաինան պետք է իմանա՝ արդյոք կարո՞ղ է հույս դնել Միացյալ Նահանգների վրա»:
Ուկրաինացի փորձագետները հիմնականում դրական են վերաբերվում գործարքին, թեև մտահոգություններ էլ ունեն: Տնտեսագետ, գործարար Անատոլի Ամելինն ասում է, որ առհասարակ օգտակար է ԱՄՆ-ի նման գործընկեր ունենալը. «Ինչո՞ւ, որովհետև աշխարհում չկա որևէ այլ երկիր, որը կարող է դադարեցնել այս պատերազմը և օգնություն տրամադրել»:
Ուկրաինայի Արդյունահանող արդյունաբերության ազգային ասոցիացիայի հիմնադիր Քսենիա Օրինչակը, գործարքը ռազմավարական համարելով, խնդիրներ է տեսնում եկամուտների բաշխման հետ կապված։
«Այն, ինչ հիմա քննարկվում է գործարքում՝ հանքերի համատեղ շահագործումը, ինձ այնքան էլ դուր չի գալիս, որովհետև եթե մեր հանքարդյունաբերության եկամուտների 50 տոկոսը վերցվի, կտուժեն ... գործնականում բոլորը, ովքեր ֆինանսավորվում են երկրի բյուջեից», - ասում է Օրինչակը:
Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում գործարքի մասին մեկնաբանություններից, մինչև այն պաշտոնապես չստորագրվի:
Մինչ այդ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարեց, որ ռուս և ամերիկացի դիվանագետները վաղը կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման հետ կապված հարցեր:
Սա կլինի գերտերությունների երկրորդ պաշտոնական հանդիպումը Դոնալդ Թրամփի՝ շուրջ մեկ ամիս առաջ սկսված պաշտոնավարումից ի վեր։