Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կառուցողական է գնահատել Ստամբուլում բանակցությունները


Վաշինգտոնը կառուցողական է գնահատում նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության անձնակազմի համալրման անհրաժեշտությունը։

«Կառուցողական քննարկումների արդյունքում երկու կողմերն էլ նախնական հստակ քայլեր են նախանշել՝ առաքելությունների գործողությունները կայունացնելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը, իսկ ռուսական պատվիրակությունն՝ արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն, դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

Կուլտերն ու Դարչիևը պայմանավորվել են առաջիկայում այս հարցերի շուրջ հերթական հանդիպումը կազմակերպել։ Ժամկետների և վայրի մասին որոշում դեռ չկա:

ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում կայացած փակ հանդիպումը տևել է մոտ վեցուկես ժամ, իսկ ավարտին մամուլի համար որևէ հայտարարույթուն չի արվել։ Սա գերտերությունների բարձրաստիճան դիվանագետների երկրորդ դռնփակ հանդիպումն էր վերջին տասն օրվա ընթացքում

Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ առաջին շփումները հույս են ներշնչում, Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունների ֆոնին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կա փոխադարձ հանձնառություն՝ աշխատելու միջպետական հարաբերությունների վերականգնման և գլոբալ անվտանգության շուրջ կուտակված համակարգային ու ռազմավարական հսկայական խնդիրներն աստիճանաբար լուծելու ուղղությամբ», - Անվտանգության դաշնային ծառայության նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG