Խաղաղության պահպանման համար Լոնդոնը պատրաստ է ուժեր ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Միայն այսպես խաղաղություն կպահպանվի», - ասել է Սթարմերը։
Սթարմերը և Թրամփը նշել են, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն միայն կայուն խաղաղությանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Լոնդոնը պատրաստ է «առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում»։
BBC-ին նշում է, որ Սթարմերի ներկայությամբ Թրամփին հիպոթետիկ հարց է ուղղվել, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինայում բրիտանական զորքերին, եթե նրանք ռուսական կողմից հարձակման ենթարկվեն։
«Գիտեք, ես միշտ նկատել եմ, որ բրիտանացիներն իրականում օգնության կարիք չունեն, նրանք ինքնուրույն շատ լավ են գործում: Տպավորություն կլինի, թե ես խուսափում եմ պատասխանից, բայց ոչ։ Նրանք անհավանական զինվորներ են, անհավանական բանակ են», - ըստ BBC-ի՝ ասել է ԱՄՆ նախագահը՝ միևնույն ժամանակ հավելելով՝ եթե «օգնության կարիք ունենան, ես կլինեմ նրանց կողքին, լա՞վ, բայց նրանք օգնության կարիք չունեն»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետը Վաշինգտոնում կփորձեն համոզել ԱՄՆ նախագահին սահմանափակ ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում, եթե պատերազմը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվի։
Ենթադրվում է, որ, օրինակ, ԱՄՆ-ը կարող է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել հարևան երկրներում, որոնք կփակեն Ուկրաինայի օդային տարածքի մի մասը, իսկ Եվրոպայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռները մարտական պատրաստվածության կբերվեն, եթե եվրոպացի խաղաղապահները վտանգի տակ հայտնվեն: