Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերն առաջ են շարժվել, Վաշինգտոնում, հինգշաբթի օրը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ շեշտելով՝ ԱՄՆ-ը լավ բանակցություններ է վարել երկու երկրների հետ:
Թրամփը հաստատել է, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Սպիտակ տանը սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և որ Ուկրաինայում հանքարդյունաբերության համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն։
«Մենք միասին պատրաստվում ենք համաձայնագիրը ստորագրել»,- ասել է Թրամփը։
Լրագրողների հարցին, թե արդյոք Ուկրաինայի ներկայիս նախագահին դեռևս բռնապե՞տ է համարում, Թրամփը պատասխանել է․ - «Ես դա ասե՞լ եմ: Չեմ կարող հավատալ, որ ես դա ասել եմ»։
Թրամփը Վլադիմիր Զելենսկուն անվանել էր «բռնակալ առանց ընտրությունների», ով «ցածր վարկանիշ ունի»։ Զելենսկու ցածր վարկանիշի մասին պնդումները, սակայն, սոցհարցումները չեն հաստատում։
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների հարցին՝ Թրամփն ասել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ «հենց դրա պատճառով է սկսվել պատերազմը»:
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է վստահել, Թրամփը պատասխանել է՝ «վստահիր, բայց ստուգիր»։
ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը կհարգի Ուկրաինայի հետ ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնագիր և որ այլ ներխուժում չի ձեռնարկի։