Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կնքելու շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա, Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը շեշտեց՝ բանակցությունները վճռորոշ փուլում են, սակայն միևնույն ժամանակ զգուշացրեց՝ գործարքի հասնելու նեղ պատուհան կա: «Գործարքը կա՛մ բավականին շուտ կլինի, կա՛մ ընդհանրապես չի լինի»,- Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից հետո ասաց նա:
Եվրոպական երկրները, ներառյալ Բրիտանիան չեն վստահում Վլադիմիր Պուտինին և վստահ չեն, որ հրադադարի համաձայնագիր կնքելուց հետո Ռուսաստանը կրկին չի ներխուժի Ուկրաինա: Թրամփը, սակայն, վստահեցրեց՝ գործարքի դեպքում Պուտինը կպահի իր խոստումը. «Ես նրան վաղուց եմ ճանաչում և... չեմ հավատում, որ նա իր խոսքը կդրժի ... Երբ մենք գործարք կկնքենք, կարծում եմ, որ հրադադարը կպահպանվի»:
Լոնդոնն ու Փարիզը ցանկանում են հրադադարից հետո Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու դեպքում ստանալ նաև Վաշինգտոնի աջակցությունը, սակայն ԱՄՆ նախագահը ոչինչ չխոստացավ:
Թրամփը նաև որևէ հանձնառություն չստանձնեց անվտանգության երաշխիքների հարցում, միայն ասաց՝ բաց է առաջարկների համար, սակայն ցանկանում է, որ նախ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության գան հրադադարի շուրջ:
«Առաջին փուլն այն է, որ նրանք պետք է հաշտություն կնքեն, և պետք է հասնենք նրան, որ Ռուսաստանը համաձայնի: Պետք է հասնենք նրան, որ Ուկրաինան համաձայնի: Կարծում եմ, որ կկարողանանք հասնել դրան», - նշեց ԱՄՆ նախագահը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը, որը Վաշինգտոն է մեկնել՝ նաև քննարկելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու հարցում, իր հերթին ասաց՝ ԱՄՆ նախագահը խաղաղության համաձայնագիր կնքելու մեծ հնարավորությունների պատմական պահ է ստեղծել, գործարք, որը կտոնեն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «Դա է վերջնական նպատակը։ Սակայն մենք պետք է դա անենք առանց սխալների, ցանկացած լուծում պետք է լինի երկարաժամկետ»,- ընդգծեց նա:
Սթարմերը վերահաստատեց՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է և՛ զորք տեղակայել Ուկրաինայում, և՛ տրամադրել օդային աջակցություն: Սթարմերը, սակայն, կոնկրետ ոչինչ չասաց՝ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման դեպքում ԱՄՆ-ն աջակցության ինչ երաշխիքներ է տալիս: Միայն ասաց, որ Թրամփի հետ քննարկել են խաղաղության հասնելու «կոշտ ու արդար» ծրագիր, որը կկանգնեցնի Պուտինին և թույլ չի տա կրկին ագրեսիայի դիմել:
«Դա չի կարող լինել խաղաղություն, որը պարգևատրում է ագրեսորին ... Իմ մտահոգությունն այն է, որ եթե կա գործարք ... ապա դա պետք է լինի երկարաժամկետ, ոչ թե ժամանակավոր միջոց: Հենց այդ պատճառով եմ կարծում, որ իսկապես կարևոր է, որ Պուտինն իմանա դա», - շեշտեց Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Թրամփը, որն այսօր պետք է հանդիպի նաև Ուկրաինայի նախագահին, և շաբաթներ տևած բանակցություններից հետո պետք է ստորագրեն ուկրաինական հանքերը համատեղ շահագործելու շրջանակային համաձայնագիրը, գովեստի խոսքեր ասաց Վլադիմիր Զելենսկու մասին: «Ես շատ եմ հարգում նրան»,- ասաց Թրամփը, որը Զելենսկուն օրեր առաջ «բռնակալ» էր անվանել։ «Իսկապե՞ս նման բան եմ ասել: Հավատս չի գալիս, որ նման բան եմ ասել»,- ասաց Սպիտակ տան ղեկավարը, երբ լրագրողները հիշեցրին նրա խոսքերը: