Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ակտիվացնում է հարձակումները ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նախաշեմին


Ուկրաինական օդուժը փորձում է որսալ ռուսական ԱԹՍ-ն, Կիև, Ուկրաինա, 8-ը մարտի, 2025թ.
Ուկրաինական օդուժը փորձում է որսալ ռուսական ԱԹՍ-ն, Կիև, Ուկրաինա, 8-ը մարտի, 2025թ.

Մինչ Կիևը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Միացյալ Նահանգների հետ կարևոր բանակցություններ վարելու համար, Ռուսաստանն ակտիվացնում է իր հարձակումները Ուկրաինայի վրա՝ ավելացնելով քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների քանակը և նոր հաջողություններ գրանցելով մարտի դաշտում:

Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մարզում, մարտի 8-ին տեղի ունեցած ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, առնվազն 11-ը՝ Դոբրոպիլյա քաղաքում:

«Նման հարվածները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նպատակներն անփոփոխ են», - մարտի 8-ի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, - «Ուստի շատ կարևոր է շարունակել ամեն ինչ անել կյանքը պաշտպանելու, մեր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու համար»:

Ռուսաստանը, իր հերթին, հայտարարել է, որ հետ է վերցրել երեք գյուղ, որոնք ավելի վաղ գրավել էր Ուկրաինան Կուրսկի մարզում. չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հազարավոր ուկրաինացի զինծառայողներ հնարավոր է շրջափակման մեջ հայտնվեն ռուսական զորքերի կողմից:

Այս իրադարձությունները տեղի են ունենում Միացյալ Նահանգների հետ կարևոր բանակցությունների նախաշեմին՝ Սաուդյան Արաբիայում, ուր նախատեսվում է քննարկում եռամյա պատերազմին վերջ տալու շուրջ:

Վաշինգտոնում տեղակայված Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, որը հետևում է մարտի դաշտում իրադարձությունների զարգացմանը, հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ռուսական զորքերը «ակտիվացրել են իրենց բազմակողմանի արշավը» Կուրսկում մնացած ուկրաինական զորքերին հեռացնելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 9-ին հայտարարել է Կուրսկի շրջանի մի քանի գյուղերի և քաղաքների ազատագրման մասին:

Ըստ DeepState վերլուծական նախագծի՝ Ռուսաստանի գործողությունները հաջորդել են Սուջա քաղաքի մոտակայքում ուկրաինական պաշտպանության «առաջընթացին»: Սուջան մնում է Կիևի վերահսկողության տակ, բայց բախվում է ռուսական ստորաբաժանումների աճող ճնշմանը:

Ռուսամետ ռազմական բլոգերները, որոնք ուշադիր հետևում են ռազմաճակատում իրադարձությունների զարգացմանը, նաև հայտնել են, որ ռուսական հատուկ նշանակության ուժերը մարտի 8-ի ուշ երեկոյան դիվերսիա են իրականացրել գազատարի վրա, որպեսզի ամրապնդվեն Կուրսկի Սուջա քաղաքում:

Հաղորդվում է, որ խողովակաշարի պայթյունն օգտագործվել է ուկրաինական ստորաբաժանումներին անակնկալի բերելու և նրանց մատակարարման ուղիները փակելու համար, մինչ Կրեմլը ավելի ու ավելի շատ ուժեր է ուղարկում՝ ուկրաինական ուժերին Ռուսաստանի տարածքից դուրս մղելու համար:

Սաուդյան Արաբիայում սպասվող բանակցությունների ֆոնին Կուրսկից ուկրաինական զորքերի դուրս մղումը, կարծես, Մոսկվայի ռազմավարության մի մասն է: 2024 թվականի օգոստոսին հազարավոր ուկրաինացի զինվորներ գրավեցին Ռուսաստանի Կուրսկի շրջանի արևմտյան մասի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը Կիևը հետագայում որակեց որպես ապագա բանակցությունների համար հաղթաթուղթ ստանալու և ռուսական զորքերը Ուկրաինայի արևելքում ռազմաճակատի գծից հետ քաշելու փորձ:

Ռուսական զորքերին հաջողվել է հետ գրավել Կուրսկի շրջանի մեծաթիվ տարածքներ, սակայն Ուկրաինան պահպանել է պլացդարմը, որն այժմ կրճատվելու վտանգի տակ է:

Կիևը, սակայն, պատասխան հարված է հասցնում՝ գիշերը անօդաչու թռչող սարք արձակելով Ռուսաստանի Չուվաշիա շրջանում՝ ուկրաինական սահմանից մոտ 1300 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական օբյեկտի ուղղությամբ: Ըստ ռուսական իշխանությունների՝ դա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ամենախորը հարվածներից մեկն էր Ռուսաստանի տարածքում, և այն դիպել է թիրախին: Զոհեր չկան:

Իր ուշադրությունը կենտրոնացնելով առաջիկա բանակցությունների վրա՝ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան լիովին հավատարիմ է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ կառուցողական երկխոսությանը հնարավոր խաղաղ կարգավորման վերաբերյալ:

«Ուկրաինան խաղաղության էր ձգտում այդ պատերազմի հենց առաջին վայրկյանից։ Սեղանի վրա իրատեսական առաջարկներ կան», - գրել Է նա X-ում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG