Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պետք է վերականգնի հարաբերությունները Մոսկվայի հետ․ Քելլոգ


Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգ, արխիվ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգ, արխիվ

Վաշինգտոնը պետք է վերականգնի հարաբերությունները Մոսկվայի հետ, Վաշինգտոնում, արտաքին հարաբերությունների խորհրդում իր ելույթի ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը՝ շեշտելով՝ մեկուսացման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ։

«Թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդների հետ շփումներից հրաժարվելը դիվանագիտական ծայրագույն սխալ է», - ասել է Քելլոգը։

Փետրվարին երկու գերտերությունների բարձրաստիճան դիվանագետները երկու անկամ հանդիպեցին փակ դռների հետևում։ Կողմերը դրական ու կառուցողական գնահատեցին հանդիպումները։

Մոսկվայից հայտարարեցին, որ կա փոխադարձ հանձնառություն՝ աշխատելու միջպետական հարաբերությունների վերականգնման և գլոբալ անվտանգության շուրջ կուտակված համակարգային ու ռազմավարական հսկայական խնդիրներն աստիճանաբար լուծելու ուղղությամբ։

Վաշինգտոնից էլ նշեցին, որ «կառուցողական քննարկումների արդյունքում երկու կողմերն էլ նախնական հստակ քայլեր են նախանշել՝ առաքելությունների գործողությունները կայունացնելու ուղղությամբ»։

Մեկնաբանելով Կիևին հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու որոշմանն՝ ամերիկացի բանագնացն այն անվանել է «մեծ զիջում Ռուսաստանին»: Միաժամանակ, Թրամփի հատուկ ներկայացուցիչն այդ որոշման կայացման համար մեղադրել է ուկրաինական կողմին։

Քելլոգն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմն աշխատում է խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ՝ կողմերի նկատմամբ կիրառելով ինչպես ճնշման, այնպես էլ խթանող մեթոդներ։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անի Ուկրաինան հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական օգնության հոսքը վերականգնելու համար, ըստ CNN-ի, Քելլոգը նշել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև առաջարկվող օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG