Մատչելիության հղումներ

Կիևը ահազանգում է 150 հազար ռազմական հանցագործությունների մասին. դրանցից 5 վատագույնը


Ուկրաինացի քննիչները ապացույցներ են հավաքել, որ, ըստ նրանց, տասնյակ հազարավոր ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին են վկայում, որոնք ենթադրաբար կատարվել են ռուսական զորքերի կողմից, ներառյալ Բուչա քաղաքում 2022-ի մարտին խաղաղ բնակիչների ենթադրյալ մահապատիժը
Ուկրաինացի քննիչները ապացույցներ են հավաքել, որ, ըստ նրանց, տասնյակ հազարավոր ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին են վկայում, որոնք ենթադրաբար կատարվել են ռուսական զորքերի կողմից, ներառյալ Բուչա քաղաքում 2022-ի մարտին խաղաղ բնակիչների ենթադրյալ մահապատիժը

Ուկրաինան պնդում է՝ Ռուսաստանի ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմում 150 հազար ռազմական հանցագործություն է արձանագրել։ «Ազատությունը» առանձնացրել է դրանցից 5 վատագույնները (ամենասարսափելի դեպքերը):

Ուկրաինացի դատախազները, արևմտյան իրավական փորձագետներն ու լրագրողները աշխատել են հավաքել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին ապացույցներ, փաստաթղթավորել ու ցուցակագրել։ Պաշտոնյաները նշում են, որ Ուկրաինա ներխուժումից 3 տարի անց ապացույցները բավական ծավալուն են։

Ո՞ւր են անհետացել երեխաները

Ռուսաստանի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից հարուցված երկու գործերից առաջինը վերաբերում էր մի թեմայի, որ պաշտոնյաները բնորոշում են որպես համակարգված, բարձր մակարդակի արշավ՝ ուկրաինացի երեխաներին օկուպացված տարածքներից հեռացնելու և Ռուսաստան տեղափոխելու համար։

2023-ի մարտի 17-ին դատարանը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով գլխավոր պաշտոնյա Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել՝ «երեխաների ապօրինի արտաքսման և տեղափոխման ռազմական հանցագործության համար»:

Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ մոտ 20 հազար երեխա անհետացել է կամ, ենթադրվում է, որ Ռուսաստանում կալանքի տակ է։

Ռուս պաշտոնյաները հաճախ ցույց են տալիս, թե ինչպես են պատսպարված երեխաներին կերակրում կամ պաշտպանում։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում, Ռուսաստանի իշխանությունները քիչ բան են արել ուկրաինացի երեխաների ծնողներին կամ հարազատներին գտնելու, նրանց ընտանիք վերադարձնելու համար:

Ավելին, ըստ հետաքննողների, Ռուսաստանի իշխանությունները ներգրավվել են «հարկադիր որդեգրման և դաստիարակության գործում»։ Որոշ դեպքերում ուկրաինացի երեխաներին ուղարկել են Բելառուսի ամառային ճամբարներ, որտեղ նրանք անցել են ռուսական քարոզչամեքենայի մամլիչով ու ռուսական կրթություն ստացել։

Արբանյակային պատկերները, որոնք արվել են 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի մարտին, ցույց են տալիս Բուչայի գլխավոր եկեղեցին և գերեզմանները, որ վերջերս են փորվել՝ 2022-ի մարտին ռուսների հեռանալուց հետո
Արբանյակային պատկերները, որոնք արվել են 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի մարտին, ցույց են տալիս Բուչայի գլխավոր եկեղեցին և գերեզմանները, որ վերջերս են փորվել՝ 2022-ի մարտին ռուսների հեռանալուց հետո

Մարմիններ՝ փողոցներում

Ներխուժումից հետո առաջին շաբաթներին ռուսական ուժերը բախվեցին ուկրաինական զորքերի կոշտ դիմադրությանը, հատկապես մայրաքաղաք Կիևի հյուսիսում: Մարտի վերջին ռուս հրամանատարներն իրենց ստորաբաժանումներին հրամայեցին հետ քաշվել և վերախմբավորվել:

Նրանց նահանջից հետո ուկրաինացի պաշտոնյաներն ու լրագրողները Բուչա քաղաքում հարյուրավոր խաղաղ բնակիչների դիակներ գտան։ Նրանք սպանվել էին հրազենից, ոմանք կապկպված ձեռքերով էին, մարմինները՝ նկուղներում: Իզյումում իշխանությունները հայտնաբերել են բազմաթիվ նոր փորված գերեզմաններ, որտեղ թաղված են եղել տեղի բնակիչների դիերը, շատերը՝ հրազենային վնասվածքներով:

Ուկրաինայի պատերազմի 1000-րդ օրը. հիշելով Բուչայի զոհերին
please wait

No media source currently available

0:00 0:29:05 0:00

Բուչայի ու Իզյումի տեսարանները ցնցեցին աշխարհը, տորպեդահարեցին Կիևի ու Մոսկվայի միջև հրադադարի բանակցությունները, բուռն քննադատություն առաջացրին Մոսկվայի հասցեին և ուժեղացրին աջակցությունն Ուկրաինային:

Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ քրեական մեղադրանքներ են ներկայացրել 21 ռուս զինվորականների դեմ՝ Բուչայում կատարված ռազմական հանցագործությունների համար:

Բուչայի լուսանկարների հրապարակումից շաբաթներ անց Պուտինը 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանմանը նվիրված հրամանագիր ստորագրեց։ Հենց այդ ստորաբաժանումն էր գրավել Բուչան և շրջակայքը։

Էլեկտրաէներգիայի գերծանրաբեռնվածություն

Նախնական անհաջողություններից հետո Ռուսաստանը վերանայեց պատերազմի իր ծրագրերը։ Գեներալ Սերգեյ Սուրովիկինը հրամայեց լայնածավալ հրթիռային և օդային հարվածներ հասցնել՝ թիրախավորելով ոչ միայն ուկրաինական ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները: Սուրովիկինն ավելի ուշ հեռացվեց հրամանատարությունից, բայց ռազմավարությունը պահպանվեց։

Օգտագործելով օդից և ծովից արձակվող թևավոր հրթիռներ, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և այլ զենքեր՝ Ռուսաստանը բազմիցս է հարվածել ուկրաինական ենթակառուցվածքներին, ինչը, ըստ պաշտոնյաների, բնակչությանը բարոյալքելու և հյուծելու միտումնավոր փորձ է: Էլեկտրակայանները, տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման գծերը բազմիցս խոցվել են ձմռան ամիսներին՝ ձմռան սառնամանիքին ուկրաինացիներին թողնելով առանց էլեկտրականության։

Անցյալ մարտին Հաագայի դատարանը ռուս պաշտոնյաների ձերբակալության երկրորդ օրդերը տվեց, հանձնարարելով ազատազրկել գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշին և ծովակալ Վիկտոր Սոկոլովին՝ ռազմական հանցագործությունների՝ էլեկտրակայանների և ենթակայանների ուղղությամբ ավիարշավը վերահսկելու համար:

Միջազգային մարդասիրական իրավունքը`պատերազմական հանցագործությունները և նմանատիպ հանցագործությունները կարգավորող օրենքների համակարգը, արգելում է զինվորականներին հարվածել քաղաքացիական թիրախներին, եթե չկա օրինական ռազմական պատճառ: Ըստ այդմ, էլեկտրակայանը կարող է թիրախավորվել միայն այն դեպքում, եթե այդ տարածքում ռազմական ստորաբաժանում է թաքնված։

Մահապատիժներ՝ մարտադաշում

2022 թվականի դեկտեմբերի վերջին Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի 119-րդ անկախ բրիգադի զինծառայող Ալեքսանդր Մացիևսկին անհայտ կորել է, երբ մարտնչում էր Բախմուտ քաղաքը ռուսական առաջխաղացումներից պաշտպանելու համար։

Երեք ամիս անց ռուսական Telegram ալիքներում հայտնվեց 12 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է թուլացած, հոգնած Մացիևսկին ծխախոտ ծխում։ Մինչ ռուս զինվորները ձայնագրում և ծաղրում են տղամարդուն, Մացիևսկին հայտարարում է․ «Փառք Ուկրաինային»: Ռուս զինվորը հայհոյում է նրան, և Մացիևսկին գնդակահարվում է:

Ըստ փորձագետների՝ ամենայն հավանականությամբ նա նույնպես ռազմական հանցագործության զոհ է դարձել։

Միջազգային իրավունքն արգելում է առանց դատավճռի ռազմագերիներին մահապատժի ենթարկել։ Ռազմագերիները պաշտպանված են Ժնևի կոնվենցիաներով՝ տասնամյակների վաղեմություն ունեցող միջազգային պայմանագրով, որը ստորագրել են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2022-ի փետրվարից առնվազն 71 ուկրաինացի գերի է մահապատժի ենթարկվել Ռուսաստանի կամ Ռուսաստանի հետ կապված ուժերի կողմից, առնվազն 21 ուկրաինացի ռազմագերի մահացել է ռուսական կալանքի տակ։ Հարյուրավոր մարդիկ էլ հայտնել են խոշտանգումների և սեռական բռնության մասին:

ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը միաժամանակ հայտնել է 26 ռուս գերիների մահապատժի մասին՝ 2022 և 2023 թվականների ընթացքում: Հարյուրավոր ռուս ռազմագերիներ նույնպես հայտնել են ուկրաինացի գերիների կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:

Արյան հեղեղ՝ երկաթուղային կայարանում

2022 թվականի ապրիլի 8-ի առավոտյան հարյուրավոր մարդիկ Դոնբասի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում գնացքի էին սպասում, երբ կայանը հրթիռակոծվեց։

2022-ի ապրիլի 8-ի ռուսական հարվածի հետևանքով զոհերի մարմինները Ուկրաինայի Կրամատորսկի երկաթուղային կայարանում
2022-ի ապրիլի 8-ի ռուսական հարվածի հետևանքով զոհերի մարմինները Ուկրաինայի Կրամատորսկի երկաթուղային կայարանում

Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ երկաթուղային կայարանին հարված է հասցվել «Տոչկա-Ու» հրթիռով: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 58 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Դա ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկն էր ՌԴ-ի պատերազմից ի վեր։

Թեև և՛ ուկրաինական, և՛ ռուսական ուժերն իրենց զինանոցներում ունեին «Տոչկա-Ու» համակարգեր, ապացույցների գերակշիռ մասը պատասխանատվությունն ուղղում էր դեպի ռուսական կողմը։ Ռուսաստանի իշխանությունները, սակայն, հերքել են այդ մեղադրանքը և հայտարարել, որ իրենց ուժերը այդ համակարգը չեն օգտագործել:

Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:

Իրավապաշտպանները պնդում են, որ 2022 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Մարիուպոլի շրջափակումը նույնպես ռազմական հանցագործություն է․ հազարավոր խաղաղ բնակիչներ սպանվել կամ վիրավորվել են, իսկ հարյուր հազարավոր մարդիկ շաբաթներ շարունակ մնացել են առանց ջրի, էլեկտրականության:

Արբանյակային պատկերները, որոնք արվել են 2021 թվականի օգոստոսին (վերևում) և 2022 թվականի ապրիլին, ցույց են տալիս Ուկրաինայի Մարիուպոլ նավահանգստային քաղաքի արվարձանում փորված գերեզմանների շարքերը
Արբանյակային պատկերները, որոնք արվել են 2021 թվականի օգոստոսին (վերևում) և 2022 թվականի ապրիլին, ցույց են տալիս Ուկրաինայի Մարիուպոլ նավահանգստային քաղաքի արվարձանում փորված գերեզմանների շարքերը

ՄԱԿ-ը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր ավելի քան 12 հազար 600 խաղաղ բնակիչ է սպանվել։

Ռազմական հանցագործությունների հարցերով ուկրաինացի պաշտոնյա Բելոուսովն ասում է, որ քննիչները հաճախ բախվում են մեկ այլ սպառնալիքի, որը կարող է որպես ռազմական հանցագործություն բնորոշվել. «Ռուսական ուժերը հաճախ գործի են դնում «կրկնակի հարվածներ», նրանք հարձակվում են մի վայրի վրա, սպասում 30-40 րոպե, մինչև փրկարարները, ոստիկանները և դատախազները ժամանեն, հետո նորից հարվածներ հասցնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բելոուսովը, - «Երկրորդ հարձակման ժամանակ մենք արդեն կորցնում ենք նաև քննիչներին ու մյուսներին, որոնք փորձում են փաստագրել ռազմական հանցագործությունները»։

«Մեզ համար ժամանակի հարց է, թե մեղավորները երբ կկանգնեն արդարադատության առջև։ Օրինակները ցույց են տալիս, որ դա կարող է տարիներ տևել, բայց այս դեպքերը չեն մոռացվի»,- «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ռազմական հանցագործությունների քննիչ Յուրի Բելոուսովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG