Փարիզում և Լոնդոնում կայացած ճգնաժամային հանդիպումներից հետո եվրոպացի առաջնորդներն այս շաբաթ հավաքվեցին Բրյուսելում՝ «հատուկ գագաթնաժողովի», որի նպատակն էր կենտրոնանալ միության ռազմական հզորությունն ընդարձակելու, Ուկրաինային աջակցելու վրա:
«Եվրամիությունն իսկապես կշրջի էջը» պաշտպանության հարցում, գագաթնաժողովից առաջ ասել էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հավելելով, որ դրա համար «բոլորի» կողմից կա «հստակ պատրաստակամություն»։
Ո՞րն է Եվրոպան վերազինելու ծրագիրը
Առանցքային կետերից մեկը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից մարտի 4-ին ուրվագծած ծրագիրն է, որը կոչվում է REARM Europe (ՎԵՐԱԶԻՆԵԼ Եվրոպան):
Այն նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո (844 միլիարդ դոլար) տրամադրել ԵՄ անդամ պետություններին՝ պաշտպանության ոլորտում ծախսելու համար: Գագաթնաժողովի եզրակացությունների նախագիծը, որի հետ ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանը, ընդհանուր առմամբ ողջունում է ծրագիրը՝ ճանապարհ հարթելով ավելի մանրամասն որոշումների համար, որոնք կարող են հաստատվել մարտի 20-21-ը կայանալիք Եվրոպական խորհրդի հանդիպման ժամանակ:
Տեքստում մատնանշվում է «պաշտպանության ծախսերի զգալի ավելացման» անհրաժեշտությունը և կոչ է արվում ուժեղացնել ռազմական կարողությունները՝ «Ռուսաստանից և Բելառուսից բխող սպառնալիքներին ի պատասխան»։
Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները կողջունեն նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից ներկայացրած վարկավորման նոր կանոնները, որոնք թույլ կտան ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են զորանոցների և զինվորական հոսպիտալների կառուցումը:
Գագաթնաժողովից առաջ Ֆոն դեր Լայենը նամակ էր հղել անդամ 27 երկրներին, որը ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն ասել է, որ դա «կարևոր առաջին քայլն է»։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ընդգծել է՝ «այժմ մենք պետք է մանրամասների վրա աշխատենք»:
Սա արտացոլում է այն փաստը, որ չնայած եվրոպացի պաշտոնյաների լավատեսական հռետորաբանությանը, շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն ու հստակեցվեն, և դեռ անպատասխան է հարցը՝ արդյոք ծրագրի ընդհանուր արժեքը իրատեսական է:
Քննադատները պնդում են, որ ԵՄ-ն այս ծրագրին նոր գումարներ չի տրամադրում, այլ պարզապես վերաբաշխում է առկա բյուջետային միջոցները:
Կարո՞ղ է արդյոք Եվրոպան պաշտպանել ինքն իրեն առանց ամերիկյան օգնության
Եվրոպացիները քննարկում են վերազինման ծրագիրը մի փուլում, երբ Վաշինգտոնը կասեցնում է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային։ Ոմանք համարում են, որ այսպիսով Եվրոպան պատրաստվում է վատագույն՝ առանց ամերիկյան «պաշտպանիչ հովանոցի» մնալու սցենարին:
Եվրոպացի քաղաքական գործիչները հիմնականում հերքում են նման ենթադրությունները։
«Մենք չպետք է հրաժարվենք ԱՄՆ-ի հետ աշխատելուց», - շաբաթասկզբին հայտարարեց Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ անցյալ շաբաթավերջին էր պնդել՝ «Ես չեմ ընդունում, որ ԱՄՆ-ն անհուսալի դաշնակից է»:
Բայց թեկուզ այն փաստը, որ նման հայտարարություններ են հնչում, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան ցնցված է Եվրոպան Վաշինգտոնում կայացվող որոշումներից։
Ո՞վ կարող է զորք ուղարկել Ուկրաինա
Մարտի 2-ին Լոնդոնում կայացած գագաթնաժողովի առանցքային եզրակացություններից մեկն այն է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ կաշխատեն Ուկրաինայի հետ՝ համատեղ խաղաղության ծրագրի վրա, որն այնուհետ կներկայացնեն Վաշինգտոնին։ Այդ շարքում քննարկվում է նաև Ուկրաինայում եվրոպական զինուժ տեղակայելու հնարավորությունը՝ խաղաղության ամրապնդման համար։
Մինչ այս պահը Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են հայտարարել, որ պատրաստ են զորքեր տրամադրել։ Սթարմերը Լոնդոնում ասել է, որ այլ երկրներ նույնպես պատրաստ են մասնակցել, սակայն հրաժարվել է նշել, թե խոսքը կոնկրետ որ երկրների մասին է։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ անդամ պետությունները պատրաստակամություն են հայտնել, միաժամանակ նշել, որ «դեռ վաղ է մանրամասների մասին խոսել»։