Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը սպառնացել է նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանի դեմ


Խարկով, Ուկրաինա, 7-ը մարտի, 2025թ.
Խարկով, Ուկրաինա, 7-ը մարտի, 2025թ.

ԱՄՆ նախագահը սպառնացել է նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինան հրթիռակոծելու համար: Դոնալդ Թրամփը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ռուսական զորքը գիշերը կրկին հրթիռակոծեց ուկրաինական էներգետիկ և գազային ենթակառուցվածքները:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը հենց հիմա մարտի դաշտում «ինտենսիվորեն հարվածում» է Ուկրաինային, ես լրջորեն դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ բանկային պատժամիջոցների, պատժամիջոցների և մաքսատուրքերի լայնածավալ կիրառման հնարավորությունը, քանի դեռ ձեռք չի բերվել կրակի դադարեցման և խաղաղության վերջնական կարգավորման համաձայնագիրը», - նշել է ԱՄՆ նախագահը:

Ռուսական հարձակումը տեղի է ունեցել նախագահ Զելենսկու՝ ամերիկյան կողմի հետ հաջորդ շաբաթ հանդիպելու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։ Առնվազն 10 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը:

«Ռուսաստանը փորձում է վնասել շարքային ուկրաինացիներին՝ ոչնչացնելով էներգետիկ և գազային ենթակառուցվածքները և չհրաժարվելով մեզ առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման թողնելու նպատակից»,- սոցցանցում գրել է Գերման Գալուշչենկոն:

Մինչ այդ՝ երեկ ուշ երեկոյան, Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ երեքշաբթի կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի և խաղաղության համաձայնագրի նախնական տարբերակը:

«Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք»,- X-ում գրել էր Զելենսկին՝ չհստակեցնելով, թե ովքեր են լինելու ուկրաինացի բանագնացները:


Սա կլինի Կիևի և Վաշինգտոնի առաջին շփումը Սպիտակ տանը երկու երկրների առաջնորդների սկանդալային հանդիպումից հետո, որի հաջորդող օրերին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրեց ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հաստատել է հանդիպման մասին լուրը, հստակեցնելով՝ կփորձեն հրադադարի նախագիծ մշակել. «Կարծում եմ՝ նպատակն է մշակել խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև ժամանակավոր զինադադարի շրջանակը»:

Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Ռուսաստանն ընտրության հնարավորություն չունեն և պետք է գործարք կնքեն:

«Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել, քանի որ ես չեմ կարծում, որ նրանք ընտրություն ունեն: Նաև կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, քանի որ ինչ-որ այլ պատճառով, որը միայն ես գիտեմ, միայն ես, նրանք նույնպես այլընտրանք չունեն», - պնդել է ԱՄՆ առաջնորդը:

Բրյուսելում հավանության արժանացավ պաշտպանական ծախսերի ավելացման ծրագիրը

Եվրոպացի առաջնորդները երեկ Բրյուսելում հավանություն տվեցին պաշտպանական ծախսերի ավելացման ծրագրին՝ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը և շարունակելու աջակցությունն Ուկրաինային: Ծրագիրը, որով նախատեսվում է ԵՄ երկրներին մինչև 150 միլիարդ եվրո վարկ տրամադրել, դեռ պետք է հաստատվի, թե երբ՝ հայտնի չէ:

Հանդիպման ամփոփիչ հայտարարության՝ Ուկրաինայի վերաբերյալ մասին, սակայն, Հունգարիան չմիացավ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ մեկ երկիրը չի կարող պառակտել միությունը, 26 անդամ միասնական են այս հարցում և կշարունակեն աջակցել Ուկրաինային: Միաժամանակ, եվրոպացի պաշտոնյան ընդգծեց՝ արդար և կայուն խաղաղությունը բխում է նաև ԱՄՆ շահերից։

«Եվ եթե ԱՄՆ նախագահը ցանկանում է հասնել դրան, ապա դա հնարավոր է միայն Եվրամիության և նրա անդամ երկրների աջակցությամբ, քանի որ նախապայմանները պետք է կատարվեն», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:


Ավելի ուշ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ եթե Եվրոպան ու ԱՄՆ-ն միասին երեք տարի չեն կարողացել վերջ դնել պատերազմին, ապա Եվրոպան միայնակ չի կարող դա անել: Ըստ նրա՝ եթե Եվրոպան շարունակի ֆինանսավորել Ուկրաինային, ապա դա «կկործանի Եվրոպան». «Հաճելի բան է օգնելը, և ուկրաինացիներն օգնության կարիք ունեն, բայց մենք չենք կարող օգնել նրանց, եթե այդ ընթացքում մենք ենք կործանվելու»։

Զելենսկին, իր հերթին երեկ Բրյուսելում նախանշել էր այն պայմանները, որոնցով Կիևը պատրաստ է գնալ խաղաղության․ «Ոչ մի հարձակում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Կրակի դադարեցում՝ Սև ծովի ավազանում, գերիների ազատ արձակում»։

Մոսկվան պատասխանում է

Մոսկվայից արձագանքում են՝ պատրաստ են բանակցությունների, բայց՝ իրենց պայմաններով։ Այդ շարքում ամենակարևորներից մեկն այն է, որ Ուկրաինայում չպետք է լինեն եվրոպացի խաղաղապահներ, երեկ ակնարկել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը։

«Նրանք ասում են, որ պատրաստվում են զորք տեղակայել Ուկրաինայում, և գիտեն, որ բոլոր այս ծրագրերն ի սկզբանե ընդունելի չեն մեզ համար, քանի որ դրանք, այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքեր են», - ասել է Անդրեյ Կելին:

Մոսկվան նաև չի համաձայնի նաև ժամանակավոր հրադադարին, որը նա որակեց «խելագար գաղափար»: «Մենք երբեք այն չենք ընդունի, և նրանք հիանալի գիտեն դա: Կընդունենք միայն վերջնական տարբերակը, երբ ստորագրենք, մինչ այդ ամեն ինչ շատ հեղհեղուկ է»,- շեշտել է Ռուսաստանի դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG