14:22
«Արևտմյան Ադրբեջան» խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է»
«Մինսկի խումբը լուծարել համաձայն ենք հիմնավորվմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է», -ասաց վարչապետը:
Խաղաղություն հաստատելու ճանապարհին շուրջ երկու շաբաթ առաջ Ադրբեջանին ուղղված մի շարք առաջարկներում Փաշինյանը Բաքվին նաև առաջարկել էր լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ Մինսկի խումբը։ Փաշինյանի այս առաջարկը որպես նախապայման հենց Բաքուն է մշտապես առաջ քաշել։
Այսօր Փաշինյանը նշեց, որ Հայաստանը, սակայն, ուզում է համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում. - «Եվ ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարենք և նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով»:
Փաշինյանը նաև հայտարարեց՝ հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի. «Հենց «Արևտմյան Ադրբեջան» խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է», - նկատեց նա:
14:04
Այլևս բանավիճելու իմաստ չկա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Ազատության» հոդվածին, որում ներկայացված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
Վարչապետը, մեջբերելով այս բացահայտումները, շեշտեց, որ նախկին երեք նախագահների հետ այլևս բանավիճելու իմաստ չկա:
Առաջին նախագահը, իր հերթին, ավելի վաղ բանավիճելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։
Դրանից ավելի վաղ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե 1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
14:00
Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ
ԱՄՆ այցի ժամանակ այդ երկրի նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, տեղեկացրեց Փաշինյանը: Վերջինս փետվարի սկզբին Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
13:55
Փաշինյանն ասաց, որ Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է
Վարչապետը չարձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իր մասին արված հայտարարություններին: Միայն ասաց, թե Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է:
Բելառուսի երկարամյա առաջնորդը կիրակի օրը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ, ինչը, նրա կարծիքով, «կկործանի» Հայաստանը:
Ավելի վաղ, երբ Լուկաշենկոն պաշտպանել էր Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի դեմ, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։ Բացի այդ, Հայաստանի և Բելառուսի առաջնորդները վիճաբանեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։
13:36
«Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Նրա այս հայտարարությունը Երևանում և ոչ միայն քննադատությունների է արժանացել: Այսօր լրագրողները հարցրին, թե միգուցե արտաքին ճնշմամբ պայմանավորված է նման հայտարարություն արել:
Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ «Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի, ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ որ նա երևույթի մասին խոսելիս ասում է Ցեղասպանություն։ Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին»։
Նա շարունակեց, թե հնարավոր է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօև ևս ճշգրիտ չենք ընկալում։ «Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին: Մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պիտի խոսենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ ընկալված է երիտթուրքերի և Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը։ Մենք դրանց պե՞տք է անդրադառնանք, հասկանանք», - իր խոսքերը պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
13:21
«Պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես»
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված, ասուլիսին ասաց վարչապետը՝ հավելելով, որ Երևանն առաջարկել է լուծումներ երկուսի ուղղությամբ էլ: Չհամաձայնեցված կետերից մեկը երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն է վերաբերում: Այս պարագայում Երևանն առաջարկում է դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ:
Երկրորդ կետը միջազգային ատյաններից իրավական հայցերի հետ կանչելուն է առնչվում:
«Որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք մի հայց հետ կանչեցինք, Ադրբեջանն էլ հետ կանչեց, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս շաբաթ հայտարարել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:
«Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Ադրեջանին, լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ Ադրբեջանի արևտյան շրջաններից լինի երկաթուղայի բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակը, բայց նույն սկզբունքով Երասխից Մեղրի: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով», - Ալիևին այսպես արձագանքեց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ սպասում են Բաքվի դրական պատասխանին, ավելին՝ Փաշինյանն ասաց՝ չի պատկերացնում, թե ինչու պետք է այս առաջարկը մերժեն:
«Ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձևով են անվանելու, մենք՝ մեր ձևով, բայց բովանդակությունն է կարևոր, և այն բովանդակությունը, որը առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որևէ բան չկա և լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որոնք Ադրբեջանն է բարձրացնում», - նշեց նա:
Կառավարության նախաձեռնության «Խաղաղության խաչմերուկում» հիմնարար սկզբունքներն են երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը յուրաքանչյուրը իր հատվածում:
Ադրբեջանի նախագահն, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ»-ը, հայտարարել է, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
12:59
«Աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են»
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ է «խոհանոցից դուրս գալու», նշելով, որ այն պարագայում, երբ աշխարհում կարևոր վերադասավորումներ են, Հայաստանի ղեկավարը «խոհանոցում ձվածեղ է պատրաստում»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են, բոլոր լիդերները սնվում են», այլ հարց է, թե ինչ կարիք կա դա ցույց տալու:
«Դա ընտրության և ճաշակի հարց է, գուցե դա ցույց տալու նպատակներից մեկն այն է, որ այն, ինչ հիմա հիբրիդային պատերազմների խողովակով փորձ է արվում հերթական անգամ հանրությանը տոկի տալ, այդ մի քիչ իրականում էտքան էլ այդպես չէ՞, կարո՞ղ է լինել այդպիսի նպատակ, կամ որ միգուցե ամենատարբեր հարթակներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը, նրա ընտանիքը դադարել են այլևս սովորական սնունդ ընդունելուց», - հավելեց նա:
Նման տեսանյութ Փաշինյանը հրապարակել էր Սուրբ Ծննդյան տոնին:
12:41
Փաշինյանը՝ ՔՊ-ի վարկանիշի ու «ժանգոտած զենքի» մասին
«Վարկանիշն այդպիսի բան է, վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է, էլ երբեք չի աճում, և քաղաքական գործունեությունն էլ մարդկանց հետ երկխոսելու միջոց է, բայց չի լինում, որ աճում է ու երբեք չի նվազում», - մեկնաբանելով «Գելլափի» հարցումները, թե եթե այս շաբաթ ընտրություններ լինեին, շուրջ 11 տոկոս ձայն կհավաքեր իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը», ասաց վարչապետը:
Անդրադառնալով օրերս արված հայտարարությանը, որ Արարատի դիսկուրսի ֆոնին ՀՀ-ին «ժանգոտած զենք» են տվել՝ վարչապետը նշեց. «Մենք ինչ ձեռք ենք բերում, ձեռք ենք բերում հիմնականում նոր: Խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն այնքան սպառազինություն, որ գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել»:
12:19
Փաշինյանը վստահեցնում է, որ հարկային բեռը չի ավելանալու
Հայաստանի վարչապետը վստահեցնում է՝ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն:
«Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է ետ ստանալ տարեկան 100 հազար դրամ», - ասաց նա:
Մայիսի 1-ից՝ եկամուտները հայտարարագրելու վերջնաժամկետից երեք ամիս առաջ թեման շարունակում է թեժ քննարկվել և՛ քաղաքացիների շրջանում, և՛ Կառավարությունում:
Սոցիալական կրեդիտ ասվածը, որի մասին այսօր նշեց վարչապետը, տարեկան մոտ 70 միլիարդ դրամն է, որ կառավարությունը պատրաստվում է վերադարձնել քաղաքացիներին նրանց վճարած եկամտային հարկից: Այս տարի հայտարարագիր լրացնողները դիմելու դեպքում կարող են իրենց հարկերից հետ ստանալ մինչև 100 հազար դրամ, եթե կատարել են առողջապահական կամ կրթական ծախսեր:
Մինչ Կառավարությունը խոստանում է հայտարարագրողներին խրախուսել մինչև 100 հազար դրամներով, քաղհասարակության ներկայացուցիչներից պնդում են, որ քաղաքացիների շրջանում վստահություն չկա Կառավարության նկատմամբ, ու շատերը հայտարարագրման հրավերն ընկալում են որպես հնարավոր ծուղակ։