Մատչելիության հղումներ

Նման աղքատությամբ երկրում բարոյական իրավունք չկա եկամուտների հայտարարագրման պահանջի. Առաքելյան


«Ցավում եմ, որ իշխանության ներկայացուցիչները և նրանց մի փոքր համակիրները միշտ ռեֆորմների համեմատությունը անում են ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, բարձր եկամուտներ ունեցող երկրների հետ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին:

Նա նշեց, որ 25 տոկոս աղքատություն ունեցող երկրում պետությունը որևէ բարոյական իրավունք չունի նման պահանջ ներկայացնել քաղաքացիներին:

«Երբ որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության եկամուտները չեն գերազանցում նվազագույն սպառողական զամբյուղը, այդ պարագայում ուզել մարդկանց եկամուտների հայտարարագիր, որ ի՞նչ անեն, որ հատիկ-հատիկ նայեն, տեսնեն, որ այս քաղաքացիները աղքա՞տ են: Ուղղակի սա չի կարելի համարել ռեֆորմ, ինչ-որ կիսագրագետ. միջազգային փորձից ինչ-որ բան վերցրած պրոցես են գեներացնում: Բայց երբ պետությունը ունի նման աղքատություն, նման տարբեր խոցելի խնդիրներ, որոնք կարգավորված չեն՝ տնտեսական, կրթական, իրավական, նման զարգացվածության մակարդակ, խոսել նման ռեֆորմների մասին այս պահին որևէ տրամաբանություն չունի», - շեշտեց Մեսրոպ Առաքելյանը:

Բոլոր գրանցված կամ քաղիրավական պայմանագրով աշխատողները մինչև մայիսը 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն, եթե Հայաստանի քաղաքացի են և ռեզիդենտ:

XS
SM
MD
LG