Հայաստանը նվիրված է և հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին, վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը՝ նաև վերահաստատելով՝ Երևանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը: Պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացքում ևս: Մենք նույն հավատամքը ու նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին», - նշեց Միրզոյանը:
Երեւանը թե՛ խաղաղության պայմանագրի, թե՛ կապուղիների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանին առաջարկներ է արել, բայց երկուսի դեպքում էլ չի հայտարարվել, թե Բաքվից պաշտոնական արձագանք է եղել։ Համենայնդեպս, ապաշրջափակումից խոսելով՝ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց՝ ակնկալում են Ադրբեջանի դրական վերաբերմունքը Հայաստանի, ինչպես ձևակերպեց, կառուցողական առաջարկներին։
Նախօրեին Ադրբեջանի նախագահը կրկին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ ու առանց ստուգումների կապ էր պահանջում: Ընդ որում, պնդում, թե դա Հայաստանի պարտավորությունն է։ Միրզոյանն ի պատասխան ընդհանուր գծերով վերստին ներկայացրեց Հայաստանի առաջարկի էությունը:
«Հիմնարար սկզբունքներ կան երկրների տարածքային ամբողջականությունը, երկրների սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրն իր հատվածում: Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարում ընդհանրապես բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ կապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել, և դրանից կրկին և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել», - նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:
Թբիլիսին հուսով է, որ Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագիրը կամփոփվի երկուստեք նպատակահարմար դրույթներով. ԱԳ նախարար
Մակա Բոճորիշվիլին Թբիլիսի ցանկությունը բարձրաձայնեց՝ տեսնել տարածաշրջանը խաղաղ, ասաց՝ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, հուսանք, որ կամփոփվի այնպիսի դրույթներով, որոնք երկուստեք նպատակահարմար կլինեն։ Միայն դա կարող է հիմք դառնալ տարածաշրջանի խաղաղության համար», - ընդգծեց նա։
Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը ողջունեց Հայաստանի խորացող գործընկերությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ: Թբիլիսի ու Արևմուտքի հարաբերությունները անցած տարվանից զգալիորեն վատթարացել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից ու վիճահարույց ընտրություններից հետո:
«Շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», - նշել է նա:
Կայացավ հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանում այսօր տեղի ունեցավ նաև հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեցին 2 վարչապետները։
«2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է», - ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայ - վրացական առևտրաշրջանառությունը անցած տարվա 10 ամիսներին կազմել է 304 միլիոն դոլար կամ ընդհանուրի 1,1 տոկոսը: Հայաստանի վարչապետը նիստում խոսել է մաքսային ու սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու անհրաժեշտությունից, Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել, որ հայաստանյան ներդրումներն իր երկրում ավելացել են մոտ 40 տոկոսով:
Թե՛ Փաշինյանը, թե՛ Կոբախիձեն այդ հանդիպումից հետո հայտարարեցին՝ Հայաստանն ու Վրաստանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Վրաստանի վարչապետը տնտեսական չօգտագործված ներուժը բացահայտելուց խոսեց, Հայաստանի ղեկավարը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման՝ Երևանի շահագրգռվածությունը բարձրաձայնեց. - «Որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Կարևորել ենք նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծելում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստականությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ:
Հայաստանն ու Վրաստանը անցած տարի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել: