Մատչելիության հղումներ

Կառավարությունն ուզում է «քաղաքացիներին լավ ճանաչել» հայտարարագրման համակարգի միջոցով


ՀՀ կառավարությա նիստը, Երևան, 30-ը հունվարի, 2025թ.
ՀՀ կառավարությա նիստը, Երևան, 30-ը հունվարի, 2025թ.

Մայիսի 1-ից՝ եկամուտները հայտարարագրելու վերջնաժամկետից երեք ամիս առաջ թեման շարունակում է թեժ քննարկվել և՛ քաղաքացիների շրջանում, և՛ Կառավարությունում, որի օրակարգում այսօր հայտարարագրմանը վերաբերող հարց անգամ չկար:

«Ի սկզբանե երբ որ հայտարարագրման մասին խոսվեց, սենց համատարած լարվածություն սկսեց, և հետո մենք ասեցինք՝ չէ, ժողովուրդ ջան, մենք էս չենք հարկելու, էն չենք հարկելու, այսինքն, օրինակ, տրանսֆերտները չենք հարկելու, բանկային ավանդները չենք հարկելու, որովհետև իրանք սենց թե նենց հարկվում են, և քաղաքացին ստանում է արդեն հարկված վիճակում: Ու սենց հերթով, տողերով ասում ենք՝ էս չենք հարկելու, էս չենք հարկելու, էս չենք հարկելու», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթե հայտարարագրերը նոր հարկերի պատճառ չեն դառնալու, և որևէ չհարկվող եկամուտ դրանից հետո չի դառնալու հարկվող, ապա ո՞րն է դրանք լրացնելու նպատակն առհասարակ: Ինչպես այսօր Կառավարության նիստին նշեցին՝ փաստորեն ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց՝ պետք է քաղաքացիներին լավ ճանաչել։

«Ու ամենակարևոր նպատակն այն է, որ ներդրվում է անձի մակարդակով հաշառման ամփոփ համակարգ, որպեսզի Կառավարությունը կարողանա լավ ճանաչել քաղաքացիներին, նրանց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները, և ըստ այդմ՝ փաստահեն քաղաքականություններ մշակել և հասցեավորված աջակցության գործիքակազմ կիրառել», - նշեց փոխնախարարը:

Վարչապետն օրինակ բերեց, թե հետագայում այդ տեղեկությունն ինչպես կարող է օգտագործվել քաղաքականության մշակման համար. - «Ասում ենք՝ ժողովուրդ, մենք ձեր կրթության և առողջապահության համար արած ծախսերին 100 հազար դրամ տարեկան ձեր վճարած եկամտային հարկից վերադարձնում ենք: Հիմա, երբ որ համընդհանուր հայտարարագրման համակարգը կաշխատի, մենք կտեսնենք, որ էնտեղ կարող է մեկ, կարող է երկու, կարող է տաս, կարող է հինգ հարյուր, կարող է հազար մարդ կա, որ իր եկամուտները, ասենք, օրինակ, ամիսը 5 միլիոն, 10 միլիոն դրամ են, մենք որոշում կկայացնենք, որ եկեք էդ 100 հազար սոցիալական կրեդիտը իրեն չտանք, որովհետև էդ մարդը չի էլ նկատում, որ մենք իրեն սոցիալական կրեդիտ ենք տալիս»:

Սոցիալական կրեդիտ ասվածը տարեկան մոտ 70 միլիարդ դրամն է, որ Կառավարությունը պատրաստվում է վերադարձնել քաղաքացիներին նրանց վճարած եկամտային հարկից: Այս տարի հայտարարագիր լրացնողները դիմելու դեպքում կարող են իրենց հարկերից հետ ստանալ մինչև 100 հազար դրամ, եթե կատարել են առողջապահական կամ կրթական ծախսեր։ Բայց Փաշինյանը նկատում է, որ կլինեն մարդիկ, որոնք չունեն այդ 100 հազարի կամ պետական աջակցության որևէ այլ ծրագրի կարիք։

«Բա մենք կարա՞նք ասենք՝ քանի որ էս մարդը 50 միլիոն դրամ, հարգելի քաղաքացի, կլինի՞ էդ քո ծննդօգնության վճարը դուք վճարեք, մեծ ծախս չի դա ձեզ համար, էդ ծախսը մենք վերաուղղենք սոցիալապես ավելի անապահով խավերին՝ նրանց համար ինչ-ինչ ծառայություններ ավելի մատչելի դարձնելու համար: Էդ էլ քաղաքականության հարց է՝ կարող է ասենք չէ, ոչ թե տարեկան 50 միլիոն դիվիդենտ ստացողների համար ենք դա անում, այլ 120 միլիոն, հարցը դա չի, բայց հենց մարդու սոցիալական վիճակը ճանաչելն է», - ասաց վարչապետը:

Որքան թափանցիկ պետք է դառնան քաղաքացիները, այդքան թափանցիկ էլ պետք է լինի Կառավարությունը

Վարուժան Հոկտանյան, արխիվ
Վարուժան Հոկտանյան, արխիվ

Մինչ Կառավարությունը խոստանում է հայտարարագրողներին խրախուսել մինչև 100 հազար դրամներով, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ քաղաքացիների շրջանում վստահություն չկա Կառավարության նկատմամբ, ու շատերը հայտարարագրման հրավերն ընկալում են որպես հնարավոր ծուղակ։

«Հաշվի առնելով տրադիցիոն հայկական այդ վստահության ցածր մակարդակը՝ և՛ իրար նկատմամբ հասարակության մեջ, և՛ քաղաքացի-պետություն հարաբերություններում, շատերի մոտ կա մտավախություն, որ ապագայում ոչ միայն եկամուտը կհարկվի, այլև՝ նվերը, օգնությունը և այլն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հոկտանյանը:

Կառավարության նիստին, սակայն, բացատրում էին, որ հայտարարագրման նպատակները բոլորովին այլ են, դրանց մեջ չի մտնում մարդկանցից նոր հարկեր հավաքելը, այլ ընդակառակը՝ քաղաքացիների սոցիալական վիճակի մասին տեղեկացված լինելը։

Հոկտանյանը կարծում է, որ սա միակողմանի գործողություն չէ, որքան թափանցիկ պետք է դառնան քաղաքացիներն իրենց եկամուտները ցույց տալու հարցում, այդքան թափանցիկ էլ պետք է լինի Կառավարությունը. - «Պետական մարմինները ուզում են քաղաքացուն լավ ճանաչել, բայց երևի իրենք իրենց հարց պիտի տան՝ իսկ քաղաքացին չի ուզո՞ւմ իրենց լավ ճանաչել: Այսինքն, երբ որ ինքը հարկ է վճարում, արդյոք նա չի ուզում հասկանալ, այսինքն՝ ճանաչել նրանց՝ ոնց են իրենք այդ հարկերը ծախսում որպես ծախսեր՝ բյուջետային ծախսեր: Այսինքն, երբ որ ասվում է, որ մենք ուզում ենք լավ ճանաչել, միևնույն ժամանակ պետք է նաև ասեն, որ մենք այն, ինչ որ ծախսում ենք, ավելի թափանցիկ է լինելու, մենք ավելի հաշվետու ենք լինելու»:

Մեկ անձից գնումներ, անարդյունավետ ու չպատճառաբանված ծախսեր և այլն. փորձագետի կարծիքով՝ Կառավարությունն իր կատարած ծախսերի մասին շատ ավելի թափանցիկ հաշվետվություններ պետք է տա՝ քաղաքացիներից ավելին պահանջելուն զուգահեռ:

Ակնկալվում է, որ այս տարի մինչև մայիս 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնի ավելի քան 700 հազար Հայաստանում աշխատող քաղաքացի։Նոր համակարգին առնչվող դժգոհությունների շարքում գլխավորը, թերևս, ոչ բավարար իրազեկումն է, այս հարցում համաձայն էին անգամ Կառավարությունում: Քաղաքացիները դժգոհում են նաև տեխնիկական խնդիրներից:

XS
SM
MD
LG