Բոլոր գրանցված աշխատողներն այսուհետ պետք է պետությանը հաշվետու լինեն՝ որքան եկամուտ են ստացել ու ստանում։ Պետական այրերը հաշվել են՝ ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագիր ներկայացնի՝ անցնող տարվա ընթացքում որքան գումար է մտնել իր հաշիվներ։
Ընդ որում՝ խոսքը միայն աշխատավարձի մասին չէ. արտերկրում ապրող հարազատից ստացած գումարից մինչև ընկերոջդ հաշվին փոխանցված հազար դրամը, եթե նա, օրինակ, քո փոխարեն հաշիվ է փակել, դու էլ հետո նրան փոխհատուցել ես։
«Սա հավելյալ սոցիալական բեռ է ցանկացած աշխատողի համար այսօր», - ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացի նախագահ Էլեն Մանասերյանը:
Մանասերյանը բազմաթիվ բողոքներ ու մտահոգություններ է ստացել քաղաքացիներից։ Մի շարք խնդիրներ արդեն իսկ ջրի երես են դուրս եկել՝ տեխնիկականից մինչև... մարդիկ պարզապես չգիտեն՝ ինչ պետք է անել։
«Մենք չենք պատրաստել մեր քաղաքացիներին՝ այս համակարգից օգտվելու, բայց հունվարի 1-ից ներդրել ենք համակարգը: Այսօր էլ չի գործում համակարգը, եթե այսօր փորձեք ձեր հայտարարագիրը ներկայացնել, դեռևս չի գործում: Ասեմ ավելին՝ քանի որ մենք շատ ենք ահազանգեր ստանում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հունվարի 15-ին զանգահարել է Պետական եկամուտների թեժ գիծ ու փորձել ճշտել՝ երբ կգործարկվի համակարգը, սպառիչ պատասխան չենք ստացել՝ ասելով, որ դեռ պարզ չէ», - ասաց նա:
ՊԵԿ պաշտոնական կայքէջում ներկայացված են հայտարարագիր ներկայացնելու քայլերը։ Կարևոր պայման է՝ չիփով նույնականացման քարտ ունենալը, որի համար պետք է վճարել 3000 դրամ։ էլեկտրոնային ստորագրությունը՝ նույնպես պետք է, սակայն այն կարդացող սարք է պետք նաև։ Չլինելու դեպքում օգնության պետք է դիմել հեռախոսային օպերատորին։
Այնուհետև ՊԵԿ-ի կայքով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելով սկսվում է հայտարարագրման գործընթացը. հարկված եկամուտները ավտոմատ կերպով լրացված են, չհարկվող եկամուտների դաշտը պետք է ինքնուրույն լրացնել՝ չմոռանալով վարկերը, ավանդները....
«Մարդիկ, ովքեր գուցե դեռևս հին հեռախոսով են, չունեն գիտելիքներ համակարգչից օգտվելու, ինչպե՞ս պետք է լուծվի այս մարդկանց հարցը: Այսինքն մենք ի՞նչ ենք անում, քաղաքացուն դրդում ենք, որ գնա գումար վճարի, որ մեկն իր համար այս ծառայությունը մատուցի», - ընդգծեց Էլեն Մանասերյանը:
Հավելյալ ծախս կլինի նաև բանկից քաղվածքներ վերցնելը. քանի որ դժվար է հիշել՝ մեկ տարվա ընթացքում ինչ փոխանցումներ են եղել հաշվեհամարին. գուցե մեկին պարտքով փող ես փոխանցել կամ բարեգործական նպատակով գումար հավաքել։ «Մոբայլ բանքինգ»-ով այն անվճար կարելի է ստանալ, եթե, իհարկե, ծրագիրն աշխատի։
Այն, որ տեխնիկական գործիքները լավ չեն աշխատում, դեռ անցած տարի ահազանգում էին տնտեսվարողները։
«Խնդիրներ կան», բայց «հայտարարագրումը հետաձգելու հարց չի քննարկվում»
«Խնդիրներ կան», - ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսին ընդունեց դժգոհությոնները՝ հավելով հայտարարագրումը հետաձգելու հարց չի քննարկվում։
«Հայտարարագրումը ակնկալում ենք, որպեսզի սովորեցնենք, իրենք հայտարարագրեն, ուզում եմ հայտարարել, որ սպասարկման սրահները նրա համար չեն, որպեսզի մարդիկ մոտենան ու հայտարարագրեն», - ասաց նախարարը:
Հաջորդ տարվանից հայտարարագիր կներկայացնեն արդեն բոլոր չափահաս քաղաքացիները։ Ի՞նչ հարց է սրանով ուզում լուծել իրեն սոցիալական հռչակած պետությունը։
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ այս ամենը սոցիալական արդարության մասին չէ, քանի որ միջին և միջինից ցածր աշխատող քաղաքացու համար դա ընդամենը կդառնա հավելյալ բեռ։
«Ուզում ենք, որ մարդը հայտարարագրի, օրինակ, երեխան դրսում աշխատում է, իր հարկված աշխատավարձից իրեն ուղարկում է որոշակի աջակցություն, սա ենք ուզում տեսնել, այսինքն, ուսում ենք հասկանալ մարդիկ ո՞նց են ապրում, վատ են ապրում, դրա համար պետք չի հայտարարագրման համակարգ ներդնել: Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք այսօր ունենք աշխատող աղքատներ, սա է մեր խնդիրը ու սրանով հարցը չենք լուծում», - նշեց Մանասարյանը:
«Ես տաղանդիցս բացի հայտարարագրելու ոչինչ չունեմ». Օսկար Վայլիդ այս հնարքը 700 հազարից ավելի քաղաքացիների դեպքում չի գործի. կտուգանվեն՝ նախ 5000 դրամով, իսկ հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։