Մատչելիության հղումներ

Նոր բան չկա, ՀՀ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Միրզոյանը՝ Ալիևի պահանջի մասին


Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները Երևանում հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով, 30-ը հունվարի, 2025թ.
Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները Երևանում հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով, 30-ը հունվարի, 2025թ.

«Նոր բան չկա՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին», - վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը:

Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:

Արարատ Միրզոյանը շեշտեց՝ Երևանը բավականին կառուցողական առաջարկներ է մտածել և արել Ադրբեջանին և ակնկալում է նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը:

«Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք ապաշրջափակումը, իրականում այդ ապաշրջափակումը մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին, մեծ հաշվով մեր մոտեցումները արտացոլված են «Խաղաղության խաչմերուկում»», - ասաց արտգործնախարարը:

Կառավարության նախաձեռնության «Խաղաղության խաչմերուկում» հիմնարար սկզբունքներն են երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը յուրաքանչյուրը իր հատվածում:

«Բնականաբար, նաև հասկանալով, որ 21 դարն ընդհանրապես պարզեցումների, լոգիստիկ անցումների, հեշտացումների դար է, մենք ևս Ադրբեջանի հետ եթե և երբ կապաշրջափկվեն, մենք տեսնում ենք որոշակի պարզեցման ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել, և դրանից կրկին և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել», - նշեց նախարար Միրզոյանը:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Ադրբեջանի նախագահն, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ»-ը, հայտարարել է, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։

XS
SM
MD
LG