Երևանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Տեղյակ եք ՀՀ նախաձեռնությունից՝ «Խաղաղության խաչմերուկից», որը ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն: Նաև այս նախաձեռնության շրջանակներում արել ենք առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Իհարկե, պատրաստ ենք նաև այս ծրագրով, բայց նաև մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Երևանը նվիրված է ու հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատմանը:
«Իմիջիայլոց, նույն հավատամքն ու նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին», - նկատեց արտգործնախարարը:
Մակա Բոճորիշվիլին, իր հերթին, շեշտեց, որ Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է և պատրաստակամ է անել հնարավորինը՝ այդ նպատակին հասնելու: Թբիլիսին ունի ցանկություն՝ ֆասիլիտատորի դերով հանդես գալու տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ամրապնդելու համար, հավելեց նախարարը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, հուսանք, կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանի խաղաղության համար», - հայտարարեց նա՝ ընդգծելով նաև, որ Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Ադրբեջանի նախագահն, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությունը, հայտարարել է, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։
Արարատ Միրզոյանի ու Մակա Բոճորիշվիլիի ասուլիսին նախորդել էր նրանց առանձնազրույցը:
Վրաց նախարարն այսօր է ժամանել Երևան աշխատանքային այցով:
Կառավարությունից էլ երեկ հայտնել էին, որ հարևան երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն է հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանում Երևան:
Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: