Նիկոլ Փաշինյանն աջակցում է ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին, այսպիսի հայտարարություն է տարածել Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ցեղասպանության վերաբերյալ արտահայտած մտքերին։
«Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի Ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի ու հայ գիտնականների, ինչպես նաև այլոց ուսումնասիրությունները, խոչընդոտ են արդարության համար շարունակվող պայքարում՝ հանուն Ցեղասպանության զոհերի, և ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում», - նշված է ինստիտուտի տարածած տեքստում։
Փաշինյանի «ինչ» և «ինչու է տեղի ունեցել» հարցադրումները Լեմկինի ինստիտուտը համարում է մարտահրավեր Հայոց ցեղասպանությանը՝ որպես հաստատված պատմական փաստի։ Ինստիտուտի փորձագետներն ընդգծել են՝ հայերի Ցեղասպանությունն անժխտելի է և հիմնված է տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ փաստաթղթերի վրա, ներառյալ Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերը, ականատեսների վկայությունները, դիվանագիտական հաշվետվություններն ու դատական ապացույցները։
Փաշինյանի քայլը Լեմկինի ինստիտուտը համարել է վտանգավոր, քանի որ այն «սպառնում է համարձակություն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդեմ Հայաստանի»։
Հայտարարության հեղինակները Նիկոլ Փաշինյանին իր արտահայտություններում ավելի ուշադիր լինելու հորդոր են ուղղել, ընդգծել, որ Ցեղասպանության վերաբերյալ անորոշ հռետորաբանությունը Հայաստանի շահերից չի բխում։
Վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։