Հայաստանի իշխանությունները արտահերթ ընտրությունների գնալ չեն պատրաստվում, հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան», - Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սոցիալական ցանցում իր վերջին ակտիվությունը այդ նպատակին է ծառայո՞ւմ:
«Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել»
Նա չհամաձայնեց քննադատություններին, թե մինչ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնալից հայտարարություններով է հանդես գալիս, ՀՀ վարչապետը հեծանիվ է քշում կամ օրինակ՝ տնից փոդքասթով է հանդես գալիս:
«Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել նոր էսկլացիա գեներացնել, և այդ էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածը, ամեն ինչ սկսվում է լեզվակռվից, փորձ են անում մեզ ներքաշել լեզվակռվի մեջ», - ասաց նա՝ հավելելով, որ իրենց որդեգրած ռազմավարությունն է թույլ չտալ էսկալացիա, ամեն ինչին էլ արձագանքել այնպես, որը կբացառի էսկալացիան, պատերազմը կամ առնվազն դրա համար հող նախապատրաստելը:
Փաշինյանը, սակայն, չմանրամասնեց, թե որ ուժերին նկատի ունի:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարել էր, որ Բաքվից հնչող հայտարարությունները, զորավարժություններն ու օդային շարժը մտահոգիչ են:
Էլեկտրոնային ստորագրության համար վճարները հանվելու են
Բոլոր գրանցված կամ քաղիրավական պայմանագրով աշխատողները մինչև մայիսը 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն, եթե Հայաստանի քաղաքացի են և ռեզիդենտ: Համընդհանուր հայտարարագրումը տարբեր հարցեր ու մտահոգություններ է առաջացրել:
Վարչապետը նկատեց՝ ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին: Ըստ նրա՝ եթե քաղաքացիները համընդհանուր հայտարարագրի կարգավորումից օգտվեն, այս տարվա հայտարարագրի արդյունքում հաջորդ տարի մինչև 70 միլիարդ դրամ համակարգի միջոցով վերադարձնելու հնարավորություն կարող է լինել: Փաշինյանը նշեց՝ նկատի ունի սոցիալական կրեդիտները:
Նա նաև հայտնեց, որ չեղարկվելու են հայտարարագրման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրության համար վճարները՝ 3000 դրամները:
Պետական այրերի փաստարկները ավելի վաղ չէին համոզել քաղաքացիներին, օրինակ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում: Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պետության կողմից համատարած հայտարարագրումը հերթական անհասկանալի փոփոխությունն է համարել ու «չարեփոխում» որակել:
«Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ»
Նիկոլ Փաշինյանը բանակի բարեփոխումների համար կարևորեց Արարատ–Արագած դիսկուրսը, որը նրա իշխանությունը ռազմավարական հարց է համարում. «Արարատի ու Արագածի դիսկուրսը հենց շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է՝ մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, չենք կարող զենք գնել: Եթե մեր խոսույթն այն լինի, որ մենք Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվենք, ոչ մեկը մեզ զենք չի տալու, որովհետև չի ուզում առավել ևս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Սա պա՞րզ չէ»:
Արագածը Արարատին, հայրենիքը՝ պետությանը, ազգը՝ ժողովրդին հակադրելու բանավեճը Փաշինյանը սկսել էր դպրոցականների հետ մի հանդիպման ժամանակ:
Տրանսպորտի թանկացման մասին
Լրագրողի հարցին, թե կո՞ղմ է, որ տրանսպորտը թանկանա, նա արձագանքեց. - «Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ»:
Ապա հավելեց՝ կողմ է, որ Երևանն ունենա տրանսպորտ 5, 10 տարի հետո, իսկ դրա համար քաղաքը պետք է ունենա երկարաժամկետում տրանսպորտային համակարգ:
Երևանցիները հանրային տրանսպորտից նոր սակագներով փետրվարի 1-ից կօգտվեն. 300 դրամից մինչև տարեկան 90 հազար դրամ փաթեթներ կգործեն: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս շաբաթ ասել էր՝ ուսումնասիրել են քաղաքացիների արձագանքներն ու որոշ փոփոխություններ են մտցրել՝ «արդարացի լուծում տալու» համար, իսկ փոփոխություններն ավագանու փետրվարի 11-ի նիստում կքննարկվեն:
Զուգահեռ տոմս գնելու և վճարման հետ կապված տեխնիկական խնդիրները շարունակում են չլուծված մնալ:
Փաշինյանը Բաքվում Արցախի նախկին պաշտոնյաների ու մյուս հայերի դատավարություններին անդրադարձավ
Վարչապետ Փաշինյանը հերքեց քննադատությունները, թե «ոչինչ չեն անում» Բաքվում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման, վերադարձի ուղղությամբ, հայտարարելով. - «Ես որևէ մեկին իմ հակառակորդը չեմ համարում այնտեղ գտնվող: Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվում է և օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար»:
«Ավելին, մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ գործընթացով», - հայտարարեց նա:
Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին: Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
«Այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս», - հարցազրույցում հայտարարեց վարչապետը, պնդելով, որ բոլոր հասու միջոցներով փորձ են անում այդ խնդիրը լուծել:
«Մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու: Մենք ո՞նց կարող ենք...վայ ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես», - շեշտեց նա:
Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար, The Armenian Report-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, վարչապետը վստահեցրեց, թե ՀՀ որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին: