Արտաքին գործերի նախարարությունից դեռ չեն հստակեցնում՝ Բաքուն պատասխանե՞լ է ապաշրջափակման շուրջ Երևանի առաջարկներին: Հայկական կողմը մոտ երեք ամիս առաջ է դրանք փոխանցել Ադրբեջանին:
Ադրբեջանի նախագահը երեկ կրկին բարձրացրեց այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան:
Իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանը Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններից զարմացած չէ, ասաց՝ Ալիևը թեև չի փոխում հռետորաբանությունը, բայց Երևանն էլ չի հրաժարվում իր որդեգրած քաղաքականությունից՝ առաջ մղել կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
«Նորություն չէ նման հռետորաբանությամբ խոսելն իրենց կողմից, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգի վրա ու անխոնջ առաջ ենք մղում բոլոր միջազգային հարթակներում: Եվ կարծում եմ, որ անպատասխան չեն մնում, դեռ կարողանում ենք անխոչընդոտ մեր խաղաղության օրակարգն առաջ տանել», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Ադրբեջանի նախագահը երեկ առաջին անգամ ուղիղ խոսեց այս նախագծից՝ ասելով, որ «այս նախագիծն առանց Ադրբեջանի ոչինչ է», և որ իրենք տարբեր խողովակներով այդ մասին բազմիցս ասել են նաև հայկական կողմին։
Ապաշրջափակման շուրջ Երևանից Բաքու ուղարկված առաջարկների բովանդակությունը հայտնի չէ, հստակ է միայն, որ դրանք բխում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունից: Իլհամ Ալիևը երեկ որևէ բառ այդ առաջարկների մասին չասաց:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարը այդ նախագծի իրականացման նախապայման հնչեցրեց՝ սպառնալով՝ կա՛մ Հայաստանի ղեկավարությունը առանց ստուգումների, անխոչընդոտ ճանապարհ պետք է տրամադրի Բաքվին, կա՛մ կմնա շրջափակման մեջ:
«Ավելին՝ չեմ բացառում, որ Ալիևի երեկվա հայտարարությունը ուղղակի պաս էր Փաշինյանին, որ Փաշինյանը վեր կենա, ասի՝ «դե ժողովո՛ւրդ, կա՛մ տեսնում եք՝ հայտնվում ենք շրջափակման մեջ, ոչ մի բան չի փոխվում, կա՛մ էլ դե հիմա ճանապարհ է, թող անցնեն էլի, ի՞նչ կլինի, մի տենց բան էլ մենք կպահանջենք, բայց փոխարենը, օրինակ, կապ կունենանք, դուրս կգանք երկաթգծով դեպքի Բաքու կամ Ստամբուլ»», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Հայաստանի իշխանությունը պարբերաբար հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իր կարմիր գիծն է:
Իշխանական Ալխաս Ղազարյանն այսօր առաջարկեց չկենտրոնանալ Ադրբեջանից հնչող հայտարարությունների վրա: Կարևորեց այն, որ խաղաղության բանակցություններում կողմերն առաջ են շարժվում: Ու չնայած Ադրբեջանի նախագահը չի դադարում սպառնալ Հայաստանին, ՔՊ-ական պատգամավորն առաջարկեց հույսը չկորցնել:
Ադրբեջանի նախագահը երեկ մեղադրում էր Հայաստանին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանը տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը պատրաստ է, բայց «Խաղաղության խաչմերուկ նախագծից» բխող սկզբունքներով, Բաքուն շարունակ հիշեցնում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը:
«Հայաստանի իրավազորությունից դուրս ռեժիմի փաստաթղթի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, որևէ մեկին թող ինքը չփորձի մոլորեցնել», - ասաց Արթուր Խարատրյանը:
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ապաշրջափակվում են բոլոր ճանապարհները, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը, իսկ հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները: Վարչապետ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ այս պայմանավորվածությունը չի նշանակում՝ տեղում ռուսական ներկայություն: Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ այս հակասությունները դառնան Ադրբեջանի նոր հարձակման պատճառ:
Կառավարության ղեկավարը նախկինում նշել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ստորագրությունը հետ չի կանչի, ավելին՝ Փաշինյանի ու թիմակիցների մեկնաբանմամբ՝ ապաշրջափակման սկզբունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում նույնական են:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.