Մատչելիության հղումներ

Ի՞նչ է կատարվում Սիրիայում


Սիրիական բանակի զինծառայողները հավաքվում են Լաթաքիայի ճանապարհին՝ միանալու տապալված առաջնորդ Բաշար Ասադի հետ կապված զինյալների դեմ պայքարին, Հալեպ, Սիրիա, 7-ը մարտի, 2025թ.
Սիրիական բանակի զինծառայողները հավաքվում են Լաթաքիայի ճանապարհին՝ միանալու տապալված առաջնորդ Բաշար Ասադի հետ կապված զինյալների դեմ պայքարին, Հալեպ, Սիրիա, 7-ը մարտի, 2025թ.

Սիրիան բռնությունների ամենադաժան ժամանակաշրջանն է ապրում Իրանի և Ռուսաստանի դաշնակից Բաշար ալ-Ասադի տապալումից`2024 թվականի դեկտեմբերից ի վեր։

Մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում բախումներ են բռնկվել Ասադի կողմնակիցների և Սիրիայի նոր՝ ապստամբների առաջնորդից ժամանակավոր նախագահ դարձած Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած անվտանգության ուժերի միջև։

Վերլուծաբանների համոզմամբ՝ այս մարտերն ընդգծում են Շարաայի դժվարությունները՝ հետասադյան Սիրիայում վերահսկողությունը պահպանելու հարցում: «Այն, ինչ տեղի է ունենում Լաթաքիայում, երկրում 13 տարի շարունակված քաղաքացիական պատերազմի ուղղակի և անխուսափելի արդյունքն է»,-«Ազատությանն» ասել է Նյու Յորքում գործող Soufan Group հետախուզական ընկերության քաղաքականության և հետազոտությունների գծով տնօրեն Քոլին Քլարկը, հավելելով՝ «նման դեպքերում գրեթե միշտ լինում են վրեժխնդրությամբ դրդված սպանություններ և բռնություններ»։

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը մարտի 8-ին հայտնեց, որ ըստ հաստատված տվյալների՝ վերջին օրերի բախումների հետևանքով ալավիական փոքրամասնության 340 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ սիրիական «անվտանգության ուժերի և դաշնակից խմբերի» իրականացրած «մահապատիժների» ժամանակ։

Շարունակվող մարտերի պատճառով պարետային ժամ է սահմանվել Հոմսում, Լաթաքիայում և Տարտուսում։

Հալեպ, Սիրիա, 7-ը մարտի, 2025թ.
Հալեպ, Սիրիա, 7-ը մարտի, 2025թ.

Լաթաքիայի նահանգապետը նաև հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը նահանգում ամբողջությամբ անջատվել է։

Երկրի փաստացի առաջնորդ Շարաան, մարտի 7-ին առաջին անգամ անդրադառնալով բռնություններին, ասել է, թե «Ասադի կառավարության «մնացորդները» փորձում են նոր Սիրիայի կարողությունները»։ Շարաան խոստացել է նրանց պատասխանատվության ենթարկել, սակայն չի անդրադարձել մեղադրանքներին, որ հենց իր ուժերն են սպանել խաղաղ բնակիչների։ Փոխարենը դրվատել է զինված ուժերին՝ «քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու և ապահովելու հանձնառության համար»:

Արդյո՞ք Իրանն էր սկսել անկարգությունները

Բախումները սկսվեցին Շարաայի հիմնական աջակից Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանին տրված նախազգուշացումից մոտ մեկ շաբաթ անց։ Ֆիդանը կոչ էր արել Թեհրանին չփորձել մարտահրավեր նետել Սիրիայի նոր իշխանությանը՝ ընդդիմադիր խմբերին աջակցելու ճանապարհով։

«Դա ճիշտ չի լինի»,- զգուշացրել էր Թուրքիայի արտգործնախարարը, հավելելով՝ «դրան ի պատասխան մեկ այլ երկիր էլ հնարավոր է՝ նույն բանը անի քեզ հետ»։

Շարաան Դամասկոսում իշխանությունը գրավելուց ի վեր հյուրընկալել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների, բայց ոչ Իրանին՝ ամրապնդելով տարածաշրջանում նրա մրցակից Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև արևմտյան երկրների դիրքերը:

Ահմեդ ալ-Շարաան ողջունում է Սիրիայի համայնքների ներկայացուցիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին Դամասկոսում երկրի նոր իշխանությունների կողմից հրավիրված ազգային երկխոսության խորհրդաժողովի ժամանակ, 25-ը փետրվարի, 2025թ.
Ահմեդ ալ-Շարաան ողջունում է Սիրիայի համայնքների ներկայացուցիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին Դամասկոսում երկրի նոր իշխանությունների կողմից հրավիրված ազգային երկխոսության խորհրդաժողովի ժամանակ, 25-ը փետրվարի, 2025թ.

Իրանի պրոքսիների և շիա աշխարհազորայինների հարցերով փորձագետ Ֆիլիպ Սմիթը «Ազատությանն» ասել է՝ «բազմաթիվ ապացույցներ կան, որ Թեհրանի մատը խառն է բռնությունների նոր աճին»:

Իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Ասադի տապալումից հետո ասել են, որ սիրիացիները ոտքի կկանգնեն ալ-Շարաայի իշխանության դեմ:

Սմիթի համոզմամբ՝ վերջին իրադարձությունները բխում են Թեհրանի շահերից, հատկապես այն պատճառով, որ հաստատում են՝ Իրանը «կարող է զանգվածային անկարգություններ առաջացնել»՝ չնայած Ասադի նման առանցքային դաշնակցի կորստին:

«Թեհրանի համար շատ ավելի լավ է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալները գնացին բռնություններին: Իրանը ցանկանում էր, որ անհամաչափ արձագանք լինի», - ավելացրել է նա:

Որոշ դիտորդներ նաև ենթադրում են, որ Թեհրանը կարող է աջակցել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերին», որպեսզի նրանք պայքարեն ոչ միայն Շարաայի, այլև Թուրքիայի աճող ազդեցության դեմ:

Ասադի օրոք Սիրիան առանցքային դեր է խաղացել Իրանի՝ դեպի Լևանտ տանող ռազմավարական ցամաքային միջանցքի հարցում: Այս միջանցքը վճռորոշ է եղել Իրանի տարածաշրջանային ազդեցության համար՝ ծառայելով որպես լոգիստիկ ողնաշար իր՝ պետական և ոչ պետական դերակատարների ցանցի համար:

Էլ ո՞վ կարող է օգուտ քաղել անկարգություններից

Ապստամբների կողմից իշխանություն զավթելուց հետո իշխանության եկած Սիրիայի նոր կառավարությունը բախվել է անվտանգության բազմաթիվ մարտահրավերների:

Ասադին հավատարիմ տարրերը, հիմնականում ալավիական համայնքից, ժամանակ առ ժամանակ բախվել են նոր կառավարության անվտանգության ուժերի հետ, մյուս կողմից՝ «Իսլամական պետություն»-ը շարունակում է գործել երկրի տարբեր շրջաններում:

Դրանից բացի նաև իսրայելական ուժերն են ընդլայնել իրենց վերահսկողությունը Սիրիայի հարավում գտնվող տարածքների վրա։ Իսրայելը թիրախավորում է ռազմական օբյեկտները և պահանջում Սիրիայի հարավի ապառազմականացում։

««Իսլամական պետություն»-ը չափազանց պատեհապաշտ է և կսպասի այնքան ժամանակ, մինչև կկարողանա հարված հասցնել: Իսրայելը նույնպես կօգտվի ստեղծված իրավիճակից՝ նոր հարվածներ հասցնելով Սիրիայի հարավում», - ասել է Քլարկը:

XS
SM
MD
LG