Լաթաքիայի համայնքային կառույցները հայերին հորդորել են այսօր տներից դուրս չգալ։ Քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախատեսված Արևագալի ու Հսկման արարողությունները չեղարկված են, դպրոցում դասեր չկան։ Սիրիայում դարձյալ բախումներ են, և երեկ դրանք Լաթաքիայի ծովափնյա շրջաններից հասել են մինչև այս հայաշատ քաղաքի կենտրոն։
Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի խոսքով՝ հայ համայնքում զոհեր և վիրավորներ չկան, միայն ձայներ են լսել: Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Լաթաքիայում ջրի խնդիր է առաջացել, արտակարգ իրավիճակը պահպանվում է, պարետային ժամը երկարաձգվել է։
Նախկին նախագահ Բաշար Ասադի հեռացումից հետո սա Սիրիայում ծավալված ամենաարյունալի բախումն է։ Ըստ Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի՝ վերջին 24 ժամում 130 հոգի է մահացել երկու կողմից, ինչպես նաև 7 խաղաղ բնակիչ։
Նույն կենտրոնի փոխանցմամբ՝ նոր կառավարության անվտանգության ուժերի ու նախկին՝ Ասադի ռեժիմի կողմնակիցների միջև հակամարտություն է բռնկվել, երբ Սիրիայի նոր իշխանությունները Իդլիբից ռազմական ստորաբաժանում են ուղարկել Լաթաքիայի Ջեբլա բնակավայր, որը ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի կողքին է։ Այստեղ ալավի փոքրամասնություններ են ապրում, Ասադների ծննդավայրն է։ Մի շարք հատվածներ նրանց հսկողության տակ են։ Ալավի ասադականներին զինաթափելու իշխանության ծրագիրը երեկ արյունոտ հետևանքներ ունեցավ։ Սիրիայի լրատվամիջոցները գրում են, որ զինյալները կառավարական ուժերի շարքից տասնյակ մարտիկների են սպանել, որից հետո էլ կառավարությունը երկրի տարբեր կողմերից զինված խմբեր է ուղարկել Լաթաքիա, Տարտուս, Հոմս, ու այդպես բախումները ծավալվել են։ Ալավիների գյուղերում բազմաթիվ զոհեր կան։
Ասադին տապալած ու Սիրիայում իշխանությունը վերցրած Ահմեդ ալ-Շարաայի մարտիկները կրոնական կոչերով են շարժվել դեպի բախումների վայր։
Ըստ սիրիական աղբյուրների՝ կառավարության անվտանգության ուժերը նաև 25 ասադականների են գերեվարել։ Նրանց թվում է Ասադի շուրջ 20 տարվա թիմակիցը՝ օդուժի ղեկավար Իբրահիմ Հուվեյժին։ Սիրիական «Սանա» գործակալության փոխանցմամբ՝ այսօր արդեն կառավարական ուժերն իրենց ամբողջական հսկողության տակ են վերցրել Լաթաքիան ու Տարտուսը։
Այսօր հայտարարություն է տարածել Սիրիայի ալավիների համայնքի բարձրագույն խորհուրդը, ահազանգել, որ կրոնական փոքրամասնությունները դաժան ճնշումների են ենթարկվում, հայտարարել՝ Լաթաքիայում, Տարտուսում տեղի ունեցածի հեղինակները պիտի պատասխանատվություն կրեն։ Սիրիայի ալավիները աջակցություն են ակնկալում Միացյալ ազգերի կազմակերպությունից և իրենց հայտարարության մեջ պնդում, որ Ասադի աջակիցների հետ որևէ կապ չունեն։
Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խաթթաբը X-ում գրել է՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բախումները ծրագրել են զինված ու անվտանգային ուժերի նախկին ներկայացուցիչներ, իսկ ցուցում տվողները Սիրիայից այն կողմ են։
Վերջին շրջանում կառավարական ուժերի ու Սիրիայի փոքրամասնություններից նաև դրուզների միջև էին բախումներ բռնկվել։ Զարմիկ Պողիկյանի գնահատմամբ՝ խաղաղ երկխոսության կարիք կա։ Վերջերս այդպիսի մի ջանք եղավ. իշխանությունը ազգային երկխոսության գագաթնաժողով հրավիրեց, բայց ոչ մի օգուտ։