Հայաստանի տնտեսության անկումային միտումները չեն վրիպել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրությունից: Համաշխարհային բանկն ամփոփելով այս տարվա առաջին ամիսները արձանագրում է տնտեսական աճի դանդաղումը, գործազրկության ընդլայնումը, վերջին թանկացումներն ու արտաքին առևտրի պասիվացումը:
Վերջին ամսական զեկույցում Համաշխարհային բանկը նախ ընդգծում է արդյունաբերության նվազումը, արձանագրելով՝ փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության գլխավոր ուղղություններից մեկը կրճատվել է մոտ 27 տոկոսով: Սրա կողքին երկնիշ տեմպերով շարունակում են աճել շինարարության ու ծառայությունների ոլորտները:
Հայաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծություններն ու կանխատեսումներն առաջիկայում կարող են վերանայվեն բացասական ուղղությամբ, կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Այս տարվա առաջին երեք ամիսներին տնտեսության աճի դանդաղումը և առանձին ոլորտների անկումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական, այսպես, գործոնն էր ազդում և, մասնավորապես, ռուսական ոսկու վերաարտահանումը 2023 թվականի նոյեմբերից մինչև 24 թվական մայիսը բավականին մեծ էր, մեծ ծավալներով վերաարտահանում եղավ Հայաստանից, և դրա հաշվին Հայաստանի, մասնավորապես, արդյունաբերությունը՝ ոսկերչության մասով, զգալի աճ գրանցեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարսյանը:
Չնայած Կառավարության՝ գործազրկության մակարդակը մինչև 2026 -ը 10 տոկոսից նվազեցնելու խոստմանը, գործազուրկների թիվը վերջին միտումներով, ընդհակառակը, աճում է: Համաշխարհային բանկի զեկույցը գործազրկության վատթարացող վիճակագրությամբ է շարունակվում. արձանագրում են՝ և՛ քաղաքներում, և՛ գյուղերում գործազրկությունն աճում է , ընդ որում՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում: Ըստ Համաշխարհային բանկի՝ 2024 թվականին գործազրկության մակարդակը 13.9 տոկոս է կազմել՝ 2023-ի 12.4-ի դիմաց:
«Վերջին տարվա ընթացքում գործազրկության աճը պայմանավորված է մեր տնտեսության որոշակի փոփոխություններով՝ հատկապես հանրային սննդի, ծառայության ոլորտի տնտեսական աճի դանդաղմամբ կամ կրճատմամբ, հատկապես հանրային սննդի ոլորտում նկատելի է աշխատատեղերի փակումը, նվազումը», - նշեց տնտեսագետը:
Համաշխարհային բանկի ուշադրությունից չեն վրիպել նաև թանկացումները. զեկույցն արձանագրում է՝ այս մարտին Հայաստանում ամենաբարձր գնաճն է արձանագրվել 2023-ի ապրիլից ի վեր, միջազգային կառույցը հատկապես սննդամթերքի թանկացումն է առանձնացնում:
Ռուս - ուկրաինական պատերազմի հետևանքով ակտիվացած վերաարտահանման դերը Հայաստանի տնտեսությունից փուլ առ փուլ վերանում է, արձանագրում է Համաշխարհային բանկը, արտաքին առևտրի ցուցանիշները շեշտակի տեմպերով են կրճատվում. ներկայացնելով փետրվարի թվերը, զեկույցն ընդգծում է՝ անցած տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է շուրջ 68 տոկոսով, ներմուծումը՝ 46 տոկոսով: Նվազման միտումները շարունակվել են նաև մարտին, սա էլ արդեն Հայաստանի վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած տվյալներն են փաստում:
«Դա Հայաստանի հետ կապ չունեցող արտահանում էր, տնտեսական աճ էր, որը վերացավ ռուսական այդ գործոնի չեզոքացման պայմաններում», - ընդգծեց Պարսյանը:
Բացասական միտումներով սկսված 2025-ի համար Կառավարությունը 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատել: Միջազգային մեկ այլ խոշոր ֆինանսական կազմակերպության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումներով, այն ավելի համեստ կլինի՝ կնվազի մինչև 4.5 տոկոս՝ պայմանավորված «առևտրի և ծառայությունների նորմալացմամբ»: Արձանագրում են՝ աճին նպաստող արտաքին շարժիչ ուժերը թուլանում են:
Հայաստանցի փորձագետների գնահատմամբ՝ անգամ այս համեստ կանխատեսումներին այս տարի դժվար կլինի հասնել, և նաև այդ պատճառով են իշխանությունները փորձում շտապ կերպով սկսել Ամուլսարի հանքավայրի շահագործումը:
Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է «Գազպրոն Արմենիա»-ն՝ վճարած ավելի քան 19 միլիարդ դրամով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին զուգահեռ աննախադեպ հաջողություններ գրանցած Mobile Centre խանութների ցանցը 16.5 միլիարդով երկրորդն է: Վերջին տարիների բացարձակ առաջատարներից Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի անունն այս ցանկում հնարավոր չէ գտնել. ընկերությունից իրենց բացակայությունը պայմանավորում են նախորդ տարվա ընթացքում կոմբինատի վճարած կանխավճարներով, որոնք տարվա սկզբին վերադարձվել են ընկերությանը՝ արդյունքում վերադարձված գումարն ավելի մեծ է եղել, քան վճարվածը: