Մատչելիության հղումներ

«Նվազեցում, օգուտ չկա». տնտեսվարողները հարկային փոփոխությունների կասեցում են պահանջում


Տնտեսվարողները շարունակում են պահանջել կասեցնել տարեսկզբից գործող շրջանառության հարկի բարձրացումը։ Հարկային փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիներն այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության առջև, սակայն գործադիրից նրանց այս անգամ այդպես էլ չարձագանքեցին։ Հունվարի 1-ից փոքր ու միջին ձեռնարկատերերը կրկնակի՝ 5 տոկոսի փոխարեն 10 տոկոս շրջհարկ են վճարում։

«Մենք հանդիպումներ շատ ենք ունեցել, ոչ մի դրական արդյունք չի ունեցել, միայն իրենք իրենց օրենքն են առաջ բերում, տարբերակներ են բերում, որ ավելանալու է հարկը», - ասաց անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը:

Տնտեսվարողների տևական բողոքի ակցիաներից հետո՝ փետրվարից, կառավարությունը կես տարով փոփոխություն մտցրեց՝ այն անվանել աջակցության ծրագիր: Գործադրին առևտրականներին առաջարկում է վճարել 10 տոկոս շրջհարկը, հետո դիմել ու հետ ստանալ տարբերությունը։ Միայն թե այս աջակցությունից օգտվելու համար գործարարներն իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացնեն հարկային։ Տնտեսվարողները դժգոհում են՝ փոփոխությունների հետևանքով միայն քաշքշուկը, թղթաբանությունն է ավելացել։

«Ոչ մի հարց չեն լուծել, ուղղակի 6 ամիս ժամկետ են տվել, որ գույքագրենք: Բայց գույքագրումն ինքն իրենով շատ բարդ գործողություն է, որը հասանելի չէ մեզ համար, նաև 10 տոկոսով հիմա հարկերը վճարում ենք, և այնտեղ մեզ իբր աջակցություն՝ նվազեցում են անում: Ոչ մի նվազեցում էլ չկա, ոչ մի օգուտ չկա, շատ բարձր հարկերով հարկվում ենք», - նշեց ձեռներեցը:

Կառավարությունից ավելի վաղ պատճառաբանել էին, թե շրջանառության հարկը բարձրացրել են, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատեն, փոքրերին էլ խոշորանալու դրդեն։ Հարցին Ազգային ժողովում անգամ գործադիրի ղեկավարն էր անդրադարձել՝ ասելով. «Մեր խնդիրն այն է, որ ասենք՝ ժողովուրդ, եկեք չխեղճանանք»:

Հունվարի 1-ից կրկնակի՝ 10 տոկոս շրջհարկ փոքր ու միջին 100 հազարից ավելի տնտեսվարող է վճարում։

Հաշվապահների հարկային բեռն էլ հուլիսի 1-ից էլի կբարձրանա։ Ոլորտի ներկայացուցիչները գործադիրին առաջարկում են հարկային այս փոփոխությունները հետաձգել գոնե մինչ հաջորդ տարեսկիզբ կամ էլ վերանայել օրենքը։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը շեշտեց՝ հուլիսի 1-ից հաշվապահների վրա հավելյալ բեռ է առաջանում:

Բացատրում են՝ հաճախորդների հետ կնքված բազմաթիվ պայմանագրեր հնարավորություն չեն ունենա փոխելու այս տարի, որպեսզի ավելի շատ գումար պահանջեն իրենց ծառայությունների դիմաց։

Ոլորտի մասնագետները համոզված են՝ կառավարության նախաձեռնած հարկային փոփոխություններից ստվերում աշխատող հաշվաապահներն են շահելու, օրենքի դաշտում աշխատողներն էլ՝ եկամուտի մեծ մասն են կորցնելու, ու ոմանք գործունեությունը դադարեցնելու վտանգի առջև են կանգնելու։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG